«Տրիոն» մերժեց. ո՞րն է պատճառը


Հայաստանի Հանրապետության երեք նախկին նախագահները մերժել են մասնակցել Անկախության տոնակատարությանը՝ չնայած պաշտոնական հրավերին: Ինչ խոսք, սա սպասված սցենար էր. դժվար էր նույնիսկ պատկերացնել Տեր-Պետրոսյան-Քոչարյան-Սարգսյան տրիոյի ներկայությունը տոնակատարությանը կամ կողք-կողքի կանգնելը մեկ բեմում: Քոչարյանի և Սարգսյանի դեպքում ամեն բան պարզ է՝ նրանց մոտ, մեղմ ասած, ոչ տոնական տրամադրություն է, ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանին, ապա նա նախկինում էլ է մշտապես հրաժարվել ներկա գտնվել Անկախության օրվան նվիրված տոնակատարություններին: Այս պարագայում, տարօրինակը թերևս միայն այն է, որ Տեր-Պետրոսյանը բացառություն չի արել իր աշակերտի՝ Նիկոլ Փաշինյանի համար, սակայն գուցե պատճառն ավելի խորքային է, և առաջին նախագահը պարզապես չի ցանկանում, որ իր անունն արհեստականորեն կապեն նոր իշխանությունների հետ:

<Մյուս կարևոր հարցն այն է, թե ինչո՞վ են մոտիվացվել նոր իշխանությունները՝ հրավիրելով երեք նախագահներին: Տպավորություն է, որ նրանք դեռևս չեն կողմնորոշվել ՝ վերջիններս ազգի դավաճաննե՞ր են, թե՞ անկախության տոնին հրավիրելու արժանի պատվավոր հյուրեր…Գուցե նոր իշխանությունները դասեր են քաղել Արա Բաբլոյանին Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներին չհրավիրելո՞ւց: Այն ժամանակ նախկին իշխանությունները բավական լուրջ աղմուկ բարձրացրին, ինչը իրականում խաղաց հենց նոր կառավարության դեմ: Կարծես թե երեք նախագահների հրավերը նպատակ էր հետապնդում խուսափել նոր աղմուկից, բայց ստացվեց հակառակը՝ անկախության օրվան նվիրված տոնակատարությանը հրավիրվեցին մարդիկ, ովքեր, ըստ նոր իշխանությունների՝ տարիներ շարունակ մեր երկրից այդ անկախությունը գողացել են…
Աղբյուր՝lurer.com

Понравилась статья? Поделиться с друзьями: