ԱԺ-ՈՒՄ ՆՈՐԻՑ ԿՔՆՆԵՆ ԳԱԶԻ ԵՒ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ԻՋԵՑՄԱՆ ՀԱՐՑԸ

Ազգային ժողովում երկրորդ քննիչ հանձնաժողովն է ստեղծվել։ Պատգամավորները «հավեսի» են ընկել և ոգևորված նոր Սահամանդրության ընձեռած հնարավորություններից՝ իրար հետևից քննիչ հանձնաժողովներ է, որ ստեղծում են։ Առաջինը, հիշեցնենք, ստեղծվեց վերջերս՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցի հանգամանքները քննելու նպատակով։ Դրա հեղինակը ՀՀԿ-ն էր։ Նոր հանձնաժողովը ստեղծվել է ԲՀԿ-ի նախաձեռնությամբ։ Սա էլ քննելու է ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը։

Հիշեցնենք, նմանատիպ մի հանձնաժողով ձևավորվել էր նաև նախորդ գումարման խորհրդարանում։ Հանձնաժողովի նախագահը Վարդան Այվազյանն էր։ Ամիսներ շարունակ քննեցին, քննեցին, ինչ-որ բաներ բացահայտեցին, մի քանի հարյուր էջանոց եզրակացություն գրեցին, արձանագրեցին, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան այն չէ, և դրանք պետք է շտկել, բայց այդ ամենը մնաց թղթի վրա և ոչ գազի սակագինը իջավ դրա արդյունքում, ոչ էլեկետրաէներգիայի։

Հիմա, ինչպես ասաց հանձնաժողովի ստեղծման առաջամարտիկ, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը, իրավիճակ է փոխվել, և որոշել են կրկին փորձել։ Վաղը խորհրդարանում կքննարկեն ընդամենը այդ հանձնաժողովը կազմը հաստատելու մասին հարցը։ «Նախևառաջ պետք է ասել, եթե Դուք հիշում եք, մենք այդ տիպի հանձնաժողով ստեղծելու մաիսն դեռևս ասել ենք այս գումարման Ազգային ժողովի ստեղծումից անմիջապես հետո, բայց կանոնակարգը թույլ չէր տալիս։ Քննիչ հանձնաժողով ստեղծելու իրավական հիմք ապրիլի 9-ից հետո է ստեղծվել, երբ Սահմանադրության բոլոր դրույթները լրիվ ուժի մեջ էին մտնում»,-ասաց պարոն Մելքումյանը։

Բայց ապրիլի 10-ից սկսած՝ կարող էիք ստեղծել նման հանձնաժողով, հենց նախորդ իշխանության օրոք, ինչո՞ւ ավելի շուտ չէիք ստեղծում։ Դե, ապրիլի 9-ից հետո էս հեղափոխական վիճակը, որ ի հայտ եկավ, դրա ժամանակը չէր, էլի, և հետո ես սեպտեմբերյան այս քառօրյային չեմ մասնակցել, գործուղման էի Ինդոնեզիայում, այլապես նախորդ նիստին կստեղծվեր։

-Ի՞նչ ակնկալիք ունեք այս հանձնաժողովից։

-Ակնկալիքն այն է, որ հիմննականում, թե ինչ թերություններ են եղել, ինչ պրոբլեմներ, դա անպայման նայելու ենք։ Գազի և էլեկտրաէներգիայի սակագների իջեցման հնարավորություններ քննարկում է լինելու հիմնավորվածությամբ և այդ հնարավորությունների բացահայտում։

-Դուք հույս ունե՞ք, որ նման հնարավարություն կա։

-Միանշանակ։

-Նախորդ հանձնաժողովն էլ այդ ամենը քննարկվեց, բայց որևէ արդյունք չտվեց։

-Եթե Դուք իմ հիմնավորումը նայեք, ես էնտեղ նաև հղում եմ արել, որևէ հանձնաժողովը, որ ստեղծվել է ժամանակին, բոլոր դրա դրույթները, երևի 90 տոկոսը, ոչ մի բան կյանքի չի կոչվել։ Դե, հիմա հեղափոխություն է, կյանքի կոչենք։ Եթե չեմ սխալվում, կառավարությունում էլ է ստեղծվել նմանատիպ մի աշխատանքային խումբ։

-Նախորդ հանձնաժողովը, որի ղեկավարը ՀՀ-ական Վարդան Այվազյանն էր, Դուք էլ տեղակալն էիք, բացահայտե՞լ էր գազի և էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման հնարավորությունները։

-Միանշանակ։ Էնտեղ մեծ մաս են կազմում տեխնոլոգիական կորուստները, որ հիմնավորված չէին, մենք դրանց կանդրադառնանք։ Երկրորդը «Գազպրոմի» ամբողջ գնումների համակարգն էր, երրորդը կալորիականությունն էր, որ բացարձակ չէր համապատասխանում նորմերին, և չորորդը՝ մրցակցային հարաբերությունների որակը, թե ինչ է կատարվում էդ ամբողջ համակարգում, և ազդեցությունը էլեկտրաէներգիայի սակագնի վրա։

-Իսկ ինչո՞ւ կյանքի չկոչվեց այդ հանձնաժողովի եզրակացությունը։

-Էդ արդեն հասցեատերերին, դրա հասցեատերը ես չեմ։

-Հիմա, եթե վերահաստատվի այն ամենը, ինչ բացահայտել էիք նախորդ հանձնաժողովով, և նոր հանգամանքներ ի հայտ գան, որոնք հնարավորություն կտան իջեցնել սակագները, դրանք ինչպե՞ս կյանքի կկոչվեն։

-Տեսեք, որ էստեղ պետք է կառավարության և ՀԾԿՀ-ի հետ եռակողմ ֆորմատ առաջանա։ Հատկապես անկյունաքարային նշանակություն է ունենալու հանրային ծառայությունների հանձնաժողովը, շատ փակագծեր չբացեմ, էլի։

-Ե՞րբ կմենարկեն հանձնաժողովի նիստերը։

-Ես ուզում եմ ուրբաթ օրը արդեն նիստ անել։

Աղբյուր՝hraparak.am

Понравилась статья? Поделиться с друзьями: