«Այստեղ կրկին նոր կյանքեր են ծնվելու». Սամվել Կարապետյանը կվերականգնի Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը


«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, Ռուսաստանի հայ ձեռներեցների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ պատրաստվում է վերակառուցել Ստեփանակերտի հիվանդանոցի ծննդատան՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բմռակոծված բաժանմունքը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Ուզում եմ Արցախի բնակիչներին վստահեցնել, որ անպայման Ստեփանակերտում նոր ժամանակակից ծննդատուն ենք նորից կառուցելու: Այստեղ կրկին նոր կյանքեր են ծնվելու»,- հայտարարել է Սամվել Կարապետյանը գործակալության հետ զրույցում:

Ավելի վաղ Արցախի պաշտոնական տեղեկատվական կենտրոնը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են մի շարք քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ այդ թվում Ստեփանակերտի ծննդատան շենքը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 28-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 223 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6749 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 1068 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ: Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։

Понравилась статья? Поделиться с друзьями: