Բայց ինչ ուզում եք ասեք՝ կեցցե՛ Հ1-ի Մարգարիտան, Միշիկն էլ հետը․ շշմեցուցիչ նրբորեն՝ ներկա իշխանության դեմ հակաքարոզչություն է անում․․․

«Բայց ինչ ուզում եք ասեք՝ կեցցե՛ Հ1-ի Մարգարիտան (Միշիկն էլ հետը)։

Շշմեցուցիչ նրբորեն՝ ներկա իշխանության դեմ հակաքարոզչություն է անում, ու եթե ասես՝ էս ի՞նչ ես անում, հանգիստ կարող է ասել՝ իսկ ի՞նչ եմ անում որ։

Այսօր հեռուստալրագրող Քրիստինե Մելքոնյանը հայտարարություն է տարածել, որ այլեւս չի աշխատում Հ1-ում, ու ինքն էլ է «սպառնում», որ կխոսի, բայց ոչ… հիմա։ Ինչու չի աշխատելու՝ չգիտեմ, անկեղծ ասած՝ չի էլ հետաքրքրում, թե ինչու չի աշխատելու։

Եվ մեկ էլ միացնում եմ Հ1-ը, ընդգծում եմ՝ հե՛նց այսօր, երբ Քրիստինե Մելքոնյանը տարածել է իր հայտարարությունը, եւ «Հովհաննես Թումանյան — 150» խորագրի ներքո Թումանյանի տեքստերից կարդում է Քրիստինեն։

Ամբողջ տեքստը չմեջբերեմ, միայն վերջին նախադասությունը. «…Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարոտն ու կարիքը, ինչպես այսօր… (էստեղ բազմանշանակ դադար. Լ.Ճ.) Եվ երբեք այսքան ահռելի չափով չի հայտնվել կեղծիքը… (էստեղ էլ բազմանշանակ դադար)… ինչպե՛ս այսօր… (էլի բազմանշանակ դադար եւ եւս մի քանի վայրկյան դադար՝ Քրիստինեի՝ երկրի մոտալուտ կործանման մասին շատ խորաթափանց հայացքով)»։

Պատահականությու՞ն է։ Ոչ մի ենթատեքստ չկա՞։ Դե, տեքստ է, կարդացել է՝ պատահական հենց այսօր են եթեր տվել, ի՞նչ ես կորցրել, ինչի հետեւից ես ընկել։

Էդպես էլ շարունակեք մտածել։

Ապրի Մարգարիտան։

Լա՛վ է անում։

Դա ձեզ քիչ էլ է»։

Նշենք, որ այսօր Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Քրիստինե Մելքոնյանը հայտնել էր, որ դադարում է աշխատել Հանրային հեռուստաընկերությունում․ «Հանրային հեռուստաընկերության հետ իմ 20-ամյա համագործակցությունն ավարտված է։

Դրանք շատ կարևոր ու շատ տարբեր 20 տարիներ են, որոնք, վստահաբար, սիրով են հիշվելու։ Հպարտ եմ, որ թողել եմ հետագիծ, սահմանել եմ չափորոշիչներ, որոնց ձգտում են։

Շնորհակալ եմ իմ բոլոր գործընկերներին, որոնց հետ աշխատել եմ, որոնցից սովորելու հնարավորություն եմ ունեցել։

Հատուկ ուզում եմ տեխնիկական անձնակազմին շնորհակալություն ասել, նրանց գործն ամենակարևորն է ու ամենաչերևացողը։

Հենց նրա՛նց պրոֆեսիոնալիզմն է, հաճախ, փրկում եթերը (էկրանից դա չի երևում)։ Շնորհակալ եմ հեռուստադիտողին։ Ձեր գնահատականն ամենակարևորն է։

Հ1-ում չլինելու պատճառների մասին չեմ խոսի․.. հիմա։ Ամեն բան իր ժամանակն ունի»,- գրել էր հաղորդավարուհին։

Понравилась статья? Поделиться с друзьями: