ԲԱ ԱՍՈՒՄ ԷԻՔ ՀՀԿ-Ն ԴԻՆՈԶԱՎՐ Է, ԷԴ Ո՞ՆՑ ԵՂՆԻԿ ԴԱՐՁԱՎ․․․

ՀՀԿ-ի մասին ամենասարսափելի գնահատականներով ու մերժումներով ՔՊ-ն իշխանափոխություն արեց։ Մարդիկ «վառված էին իշխանություններից» ու էդ վառված- խորովված ժամանակ հայտնվեց Նիկոլ Փաշինյանը։ Այն, ինչ նախկին էր, իր գնահատականներով սկսեց ոչնչացնել, «քարը քարի վրա չթողնել»․․․ Մարդկանց «սրտից ջուր խմեց», ինչ նրանք էին ուզում, ասաց, խոստացավ, ու մարդիկ նրան փրկիչ կարգեցին՝ վարչապետի վեղարով։

Հիմա հակառակ երևույթն է գնում։ ՀՀԿ-ն դինոզավրից սկսել են եղնիկի վերածել։ Առաջ, երբ ՀՀԿ-ն հանրության «գոլն էր ուզում իմանալ» Գալուստ Սահակյանի բերանով մի «ցիտատ էր սպրդեցնում»։ ՔՊ-ն Հայկ Մարությանին այդ դերի համար ընտրեց։ Հիշենք սևն ու սպիտակը ու էլի նման բաներ։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն Նոր Նորք վարչական շրջան աշխատակազմին ներկայացրել է վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Հայկ Մհրյանին՝ ասելով․

«․․․Մենք պարտադիր պետք է շնորհակալ լինենք նախորդ իշխանություններին՝ կատարված աշխատանքի համար, որովհետև, այո, մեծ աշխատանք է կատարվել: Միգուցե եղել են թերացումներ, բայց, միևնույն է, ծառայություն է մատուցվել բնակչությանն ու մեր քաղաքին, ինչի համար ես շատ շնորհակալ եմ»։

Երբ որ պետք է եղել այնպես են սևացրել, այնպես են «ազգին լարել նրանց դեմ», որ զարմանում ես, երբ հիմա էլ հակառակն է արվում։ Հիմա ի՞նչ եք ուզում։ Ի՞նչ եք մտադիր անել։ Ժողովուրդը ձեզ համար փորձադա՞շտ է․․․ Բա ասում էիք ՀՀԿ-ն դինոզավր է, էդ ո՞նց եղնիկ դարձավ․․․․

Վախենում եմ անգամ ձեր անցած հայտարարությունները լսել․․․

Հասմիկ Բաբաջանյան

hraparak.am

Понравилась статья? Поделиться с друзьями: