«Գանձը գանձով փոխելը համարում եմ սխալ»․ «Զվարթնոց»-ն անվանակոչե՞լ Ազնավուրի անունով, թե՞ ոչ

Մշակույթի նախարարությունը հերթական աղմկահարույց նախաձեռնությամբ է հանդես գալիս։ Բանն այն է, որ նախարարությունը ձեռնամուխ է եղել կազմակերպել հանրային քննարկում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերակոչելու թեմայով։ Այս հանգամանքն առաջացրել է իրարամերժ կարծիքների բախում սոցիալական տիրույթում։ Հետաքրքիր է՝ իսկ ի՞նչ կարծիքի կլիներ ինքը՝ մաեստրոն․․․

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում իր կարծիքն արտահայտեց ռեժիսոր Հրանտ Վարդանյանը։ Վերջինս անթույլատրելի համարեց «Զվարթնոց» օդանավակայանի անունը փոխելու նախաձեռնությունը․ «Համարում եմ սխալ «Զվարթնոց» օդանավակայանի անունը փոխելը: Զվարթնոցը 1989 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում, այն հանդիսանում է հայկական գանձերից մեկը, իսկ գանձը գանձով փոխելը համարում եմ սխալ»,- նշեց Վարդանյանը՝ ընդգծելով, որ դրա փոխարեն Ազնավուրի անունով կարելի է կոչել օրինակ՝ կա՛մ «Մոսկվա» կինոթատրոնը, կա՛մ Ամիրյան փողոցը:

Նրա խոսքով՝ հանրային քննարկման միջոցով պետք է հասկանալ մարդկանց դիրքորոշումը․ «Կուզեմ, որ մարդիկ մտածեն, նոր պատասխաններ տան, կարելի է մի քանի առաջարկություն քննարկել, որպեսզի ընտրություն լինի անել։ Ես առաջարկեցի երկու անուն վերանանվանել»,- ասաց ռեժիսորը:

Ի դեպ, որոշ օգտատերերի այն կարծիքի են, որ մաեստրոյի պատվին կարելի է անվանափոխել Գյումրու «Շիրակ» օդանավակայանը՝ հիմնավորելով, որ Շիրակի տարածաշրջանի վերականգնման համար մեծ ջանք է գործադրել Ազնավուրը։

Նշենք` Գյումրին առաջինն էր, որ Ազնավուրի կյանքի օրոք 2001 թվականի սեպտեմբերի 22-ին կանգնեցրեց նրա արձանը` ի նշան երախտագիտության, կարեկցանքի և սիրո։ Իսկ նույն թվականի սեպտեմբերի 19-ին Հայաստանի մայրաքաղաքի «Մոսկվա» կինոթատրոնին և «Երևան» հյուրանոցին հարող հրապարակը կոչվեց ֆրանսահայ աշխարհահռչակ երգչի անունով:

Հիշեցնենք՝ Շառլ Ազնավուրը մահացավ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում։ Մահվան պատճառը թոքերի այտուցն էր։ Նրա մարմինն ամփոփվեց Մոնֆոր Լ’Ամողի քաղաքում (ֆր. Montfort-l’Amaury) գտնվող տոհմական դամբարանում` ծնողների և կյանքից վաղաժամ հեռացած որդու կողքին։ Դա շանսոնյեի ցանկությունն էր։ Հուղարկավորության օրը` հոկտեմբերի 6-ը, Հայաստանում սգո օր է հայտարարվել։

lurer.com

Понравилась статья? Поделиться с друзьями: