Գրեթե բոլոր վիրավորումները բեկորային են, վիրավորներից մեկը ծայրահեղ ծանր է. Արցախի առողջապահության նախարար․ civilnet.am

Արցախում ադրբեջանական հարձակման հետևանքով վիրավորված զինծառայողներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, մեկը ծանր վիճակում է, մնացածի վիճակը միջին և թեթև է գնահատվում: Այդ մասին civilnet.am-ին հայտնել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։

«Գրեթե բոլոր վիրավորումները բեկորային վիրավորումներ են: Այս պահին վիրավորների հետ կապված որևիցե աջակցության կամ դեղորայքի խնդիր չկա»,- նշել է Հայրիյանը:

Ավելի վաղ Արցախի ՊԲ-ն հաղորդել էր երկու զոհի և 14 վիրավորի մասին։ Նշվում է, որ օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը:

Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել: Ըստ Արցախի ՊԲ-ի հայտարարության՝ խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։ Ժամը 18։00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը հարաբերականորեն կայուն է:

Понравилась статья? Поделиться с друзьями: