Ես սիրում եմ մեր Երևանը, ես խենթանում եմ մեր քաղաքի համար. Հայկ Մարությանը ստանձնեց քաղաքապետի պարտականությունը

Տեղի ունեցավ Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդման արարողությունը:

Խորհրդանշական լանջաշղթան քաղաքապետին հանձնեցին ավագանու անդամ Արթուր Իսպիրյանը և Երևանի պատվավոր քաղաքացի Տիգրան Մանսուրյանը: Հնչեց Երևանի հիմնը:

Մարությանը նշեց, որ պատասխանատվության զգացումը մեծ է: «Կանգնած եմ այստեղ, քանի որ այդպես է որոշել ժողովուրդը: Ես մեկ առ մեկ հիշում եմ բոլոր այն խոստումները, որոնք տվել եմ երևանցիներին: Իմ քաղաքն ու երկիրը սիրող մարդն այլ կերպ չի կարող անել, իսկ ես սիրում եմ մեր Երևանը, ես խենթանում եմ մեր քաղաքի համար: Սիրում եմ առավոտյան նոր ջրված փողոցների թարմ հոտը, աշխատանքի և դասերի շտապող Երևանը, ընդմիջման ժամերին քաղցած և աշխույժ Երևանը, աշխատանքից տուն գնալիս հոգնած, բայց և գոհ Երևանը, երեկոյան բակերում և սրճարաններում օրվա կատարվածը քննարկող Երևանը: Հրաշք քաղաք` հրաշք ճարտարապետությամբ, պատմությամբ և մարդկանցով: Այսքանից հետո ով պետք է լինի մարդ, որ դավաճանի այս ամենը»,- ասաց Մարությանը:

Նրա խոսքով՝ իր երդումը ոչ թե զուտ արարողակարգային է, այլ երդում՝ երևանցիների և Աստծո առաջ:

Понравилась статья? Поделиться с друзьями: