Զոհված Կամո Շահբազյանի հինգ երեխաները մնացել են առանց կերակրողի

«Երբ պատերազմը սկսվեց, Կամոն կամավոր էր ցանկանում գնալ, բայց նրան զանգեցին ու կանչեցին որպես պահեստազորային։ Ասացի՝ ո՞ւր ես գնում, քո հինգ երեխաներին թողնում։ Ասաց՝ իմ հինգ երեխաների համար, եթե ես չգնամ, ո՞վ գնա։ Սկզբից իրեն տարան Գորիս, հետո՝ Ասկերան։ Գորիսում, երբ իմացել են, որ բազմազավակ հայր է, ցանկացել են հետ ուղարկել, բայց Կամոն ասել է՝ եթե հիմա հետ ուղարկեք, հաջորդ օրն եմ գալու»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Կամո Շահնազարյանի կինը՝ Մանուշ Վարդազարյանը։

Կամոն պատերազմ էր մեկնել բարձր տրամադրությամբ։

«Հեռախոսազրույցների ժամանակ էլ շատ ուրախ տրամադրություն ուներ, մեզ ոգևորում էր։ Բայց հոկտեմբերի 12-ին՝ իր մահվան օրը, մեր զրույցի ժամանակ ասաց՝ ամեն բանի պատրաստ եղիր, ես դուխով առաջ եմ գնում։ Ասաց՝ ուժեղ եղիր, հանկարծ աչքերիցդ արցունք չգնա։ Այդ զրույցից ժամեր անց ամուսինս զոհվել է»,- պատմեց Մանուշը։

Ընտանիքում կա հինգ անչափահաս երեխա՝ 17-ամյա Հարությունը, 14-ամյա Սարգիսը, 12-ամյա Գևորգը, 3-ամյա Մարին և 1-ամյա Դավիթը։

«Մարին առաջ ասում էր՝ մամ, պապայիս, համար չլացես, հիմա ինքն է լացում, հենց մութն ընկնում է, ասում է՝ մամա, պապայիս կարոտել եմ։ Չգիտեմ՝ ինչ պատասխանեմ։ Կամոն հենց դռնից ներս էր մտնում Մարին միանգամից վազում էր դեպի իրեն՝ ասելով՝ պապաս եկավ, պապաս եկավ։ Դավիթն էլ ամեն օր մոտենում է նկարին, համբուրում է, շոյում նկարը։ Մեծ տղաներս ցավը լուռ են տանում»,- պատմեց զոհվածի կինը։

Այս ընտանիքին NEWS.am-ը անդրադարձել էր նաև 4 տարի առաջ։ Ընտանիքը բնակվում էր հանրակացարանի նկուղային հարկում։ Որոշ ժամանակ անց նրանց տրամադրվել էր հանրակացարանային բնակարան։ Այժմ ընտանիքը կրկին օգնության կարիք ունի, զրկվել է կերակրող ձեռքից։

«Ամուսինս ամեն աշխատանք կատարում էր՝ հիմնականում առևտրով էր զբաղվում ու մեր երեխաներին ամեն ինչով ապահովում էր։ Ասում էր՝ աղջիկս իմ թագուհին է, տղաներս կմեծանան, իրար հետ սարեր շուռ կտանք։ Իսկ ես չեմ աշխատում, քանի որ թոքր տղայիս դեռ չեմ կարող մենակ թողնել։ Ապրում ենք անհատների բարեգործությունների միջոցով։ Ինձ հիմա միայն իմ հինգ պարգևները և նրանց լավ ապագա տալն է ուժ տալիս ապրելու»,- ասաց Մանուշը։

Կամո Շահբազյանը զոհվել է հոկտեմբերի 12-ին Աղդամում։ Հուղարկավորվել է «Եռաբլուրում»։

Մանուշ Շահբազյանին օգնել ցանկացողները կարող են կապ հաստատել նրա հետ հետևյալ հեռախոսահամարներով` 098323293 /096323293

Понравилась статья? Поделиться с друзьями: