Էդմոն Մարուքյանը և Արամ Սարգսյանը վիճել են. նոր պառակտություն է սպասվում․ Ինչ է կատարվել․․

Մեր տեղեկություններով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի միայնակ՝ ոչ «Լույս» դաշինքով։ Երեկ դաշինքի մաս կազմող ուժերը՝ ԼՀԿ-ն և «Հանրապետություն» կուսակցությունը քննարկում են ունեցել և համաձայնության չեն եկել ընտրություններին մասնակցության ֆորմատի շուրջ։ Էդմոն Մարուքյանն առաջարկել է Արամ Սարգսյանին ընտրություններին մասնակցել իր կուսակցության՝ «Լուսավոր Հայաստանի» ցուցակով, սակայն Սարգսյանը չի համաձայնել։

Մարուքյանը դա պատճառաբանել է անցողիկ շեմի նվազեցմամբ, քանի որ դաշինքի դեպքում 7 տոկոս է անցողիկ շեմը, իսկ մեկ քաղաքական ուժի պարագայում՝ 5 տոկոս։ Այդ պատճառով, որպեսզի ավելի մեծ լինի շանսերը խորհրդարան անցնելու, «Հանրապետություն» կուսակցությանն առաջակվել է «Լուսավորի» ցուցակով գնալ ընտրությունների, սակայն այս հարցում ընդհանուր հայտարարի չեն եկել։

Մենք այս լուրը փորձեցինք ճշտել թե՛ «Հանրապետություն», թե՛ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների անդամներից, սակայն մեր զանգերին որևէ մեկը չպատասխանեց։ Միայն Գևորգ Գորգիսյանը վերցրեց հեռախոսը, բայց երբ իմացավ՝ ով է իրեն զանգահարել, ասաց, որ ղեկին է, չի կարող խոսել, ապա արհեստական տպավորություն ստեղծեց, թե մեր ձայնը չի լսվում։ «Ալո, ալո»,- մի քանի անգամ ձևական կրկնեց նա ու անջատեց հեռախոսը։ Դրանից հետո դարձավ անհասանելի։ Երբ հաջողվի կապ հաստատել նրանց հետ, լրացուցիչ կտեղեկացնենք։ Կարելի է այս ամենից ենթադրել, որ ոչ միայն «Ելք» դաշինքը, այլև դրանից հետո ձևավորված «Լույս» դաշինքը ևս փաստացի պառակտված է։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: