ԻՆՁ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՂԹԵՔ. ԱՐՄԵՆ ԳԵՒՈՐԳՅԱՆ

Վերաքննիչ քրեական դատարանում վերսկսվեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը։ Նիստից առաջ Արմեն Գեւորգյանը չպատասխանեց լրագրողների հարցերին, միայն նշեց, որ նախորդ իր խոսքերին ավելացնելու ոչինչ չունի. «Մեկ անգամ եւս ուզում եմ ասել, որ գործը քննվում է դատարանում։ Նիստը կավարտվի բոլոր անհրաժեշտ պարզաբանումները, տեղեկություններն իմ փաստաբանները կներկայացնեն։ Այս պահի դրությամբ՝ նախորդ իմ ասածներին չունեմ ավելացնելու եւ պակասեցնելու։ Ձեզ ամենայն բարիք, եւ հաջողություններ ինձ մաղթեք»։

Նշենք, որ Արմեն Գեւորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է գլխավոր դատախազությունը։ Դատարանի որոշումը մասնակի բողոքարկել է նաեւ պաշտպանական կողմը։ Գեւորգյանի պաշտպանը բողոք է ներկայացրել՝ դատարանից խնդրելով օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ հաստատված համարել նաեւ ՀՀ ՔՕ 190 հոդվածով նախատեսված հիմնավոր կասկածի բացակայությունը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14–ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Արմեն Գեւորգյանին կալանավորելու ՀՔԾ–ի միջնորդությունը։

Արմեն Գեւորգյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառաք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը): Ավելի վաղ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:

hraparak.am

Понравилась статья? Поделиться с друзьями: