Ինչի՞ց է իրեն ապահովագրում Փաշինյանը


Ընտրական օրենսգրքում նախատեսվում է կատարել փոփոխություն, համաձայն որի, բաց ընտրական ցուցակները փոխարինվելու են փակ ցուցակներով: Նախագծի հեղինակները հիմնավորում են, որ բաց ցուցակների դեպքում իր թաղում մեծ հեղինակություն վայելող օլիգարխն առաջադրվում է բաց ցուցակով, համապետական ռեյտինգային ընտրակարգով, բայց իր քվեները հավաքում է իր թաղում. «Մենք տեսանք, որ երբ ընտրական տարածքները մեծացրեցինք, մարդիկ իրենց հին տարածքներում ավելի շատ ձայն էին հավաքում, քան որոշ կուսակցություններ: Եթե այդ ընտրական տարածքի մեջ մտներ ամբողջ հանրապետությունը, միեւնույնն է, իրենք իրենց տարածքում իրենց ձայնը հավաքելու էին»,-հայտարարել է Դանիել Իոաննիսյանը:

Մի կողմից՝ նոր իշխանությունները հայտարարում են, որ իրենց թիմի դեմ խաղ չկա և ցանկացած դեպքում համապետական ընտրություններում ջախջախիչ հաղթանակ են տանելու, մյուս կողմից՝ ահա այսպես փորձում են ապահովագրվել իրենց գծած սցենարից տարբերվող բոլոր հնարավոր շեղումներից: Փաշինյանի թիմն էլ է քաջ գիտակցում, որ քրեաօլիգարխիայի ռեսուրսը որևէ տեղ չի անհետացել և հարկ եղած պարագայում այդ ռեսուրսը շատ արագ կարող է մոբիլիզացվել՝ ծառայեցվելով ՀՀԿ և մյուս շահագրգռված ուժերին: Ինչպես երևում է՝ Փաշինյանի թիմը չի ցանկանում հույսը դնել այն բանի վրա, որ հանրապետականն ինքը ձեռնպահ կմնա նման զարգացումներից: Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ անգամ այս պահի դրությամբ՝ երկրում առկա մթնոլորտում՝ այդ տարրը ունակ է ձայն բերել, իհարկե, ոչ նախկինում արձանագրված տոկոսների չափով, սակայն դա ամբողջությամբ կբավարարի խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարելուն: Իսկ Փաշինյանի համար այս պահին գերխնդիր է՝ ՀՀԿ ներկայությունը նոր խորհրդարանում ամեն գնով բացառելը…

Понравилась статья? Поделиться с друзьями: