Իշխանությունն ամրապնդե՞լ, Մոսկվային տրված խոստումը պահե՞լ, թե՞…

Իշխանությունն ամրապնդե՞լ, Մոսկվային տրված խոստումը պահե՞լ, թե՞…

Ներքաղաքական թեժ օրակարգը երկրորդ պլան է մղել այլ, առավել գլոբալ մի շարք խնդիրներ: Չորեքշաբթի օրը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հասարակության ուշադրությունից վրիպեց հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանի հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Սիրիա հայկական զինուժ ուղարկելու հետ կապված: Աներկբա է, որ այդ որոշումը Հայաստանի և սփյուռքի համար բազմաթիվ վտանգներ է պարունակում՝ սկսած Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացումից, վերջացրած՝ իսլամիստական ահաբեկիչների կողմից հնարավոր թիրախավորումով:

Այդ կարճ, բայց բովանդակային ու խորիմաստ երկխոսությունը առավել քան ուշագրավ է: Իհարկե, ոչ Աշոտյանը, ոչ Փաշինյանը միամիտ չէին, որ բաց կոնտեքստով քննարկեին այդ շատ զգայուն և վտանգավոր հարցը: Պատահական չէր նաև այդ ժամանակահատվածում Աշոտյանի կողմից այս հարցի հրապարակային բարձրաձայնումը:
Խնդիրը պետք է դիտարկել Աշոտյանի այն գնահատականի շրջանակներում, որ Նիկոլ Փաշինյանի շտապողականությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցում ունի նաև գեոպոլիտիկ ենթատեքստ:

Փաշինյանը խմբագրեց իր պատասխանի մեջ Աշոտյանի կողմից օգտագործված «հայկական զորախումբ» ձևակերպումը՝ դիվանագիտորեն անվանելով այն առաքելություն: Վարչապետը ակնհայտորեն խուսափեց նաև հստակություն մտցնելուց Սիրիա հայկական ուժեր ուղարկելու գոծընթացի իրավական կարգավորումների հետ կապված:

Ակնհայտ է, որ Կառավարությունը փնտրում է իրավական այնպիսի լուծում, որը չպահանջի միջպետական համաձայնագիր կնքելու պայման, որովհետև այն հետո պետք է մուտք գործի ԱԺ օրակարգ վավերացման համար՝ առիթ դառնալով բուռն հանրային քննարկումների և քննադատության:

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մասին օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի տարածքից դուրս խաղաղապահ կամ ռազմական գործողություններին մեր զինված ուժերը կարող են մասնակցել միայն միջազգային պայմանագրով:

Մի կողմից, հասկանալի է՝ Փաշինյանը շահագրգիռ է իշխանությունը ամրապնդելու համար Մոսկվային իր տված խոստումը օր առաջ կյանքի կոչելու մեջ, մյուս կողմից, սակայն, անհասկանալի է՝ արդյո՞ք նա պատրաստ է ոտնահարել Հայաստանի օրենքները՝ հանուն իր քաղաքական շահերի:

Աղբյուր՝

Понравилась статья? Поделиться с друзьями: