Իրենց դուռն է, ուզում են խփում են. վարչապետը՝ ցուցարարների պահվածքի մասին

Կառավարության նիստին զուգահեռ մոտ հարյուր քաղաքացիներ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում։ Նիստից հետո քաղաքացիները փորձում էին մուտք գործել կառավարության շենք՝ հարվածելով շենքի ապակիներին եւ դռներին:  Մի քանի ժամ անց ցուցարարների մոտ իջավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ցուցարարների մի մասը Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչներն էին, նրանց խոսքով՝ եկել են ակցիա իրականացնեն՝ պահանջելով իրենց համայնքի նախկին ղեկավարի պաշտոնավարումը։ Հիշեցնենք, որ Եղեգնուտ համայնքի ղեկավարը ՀՀԿ-ական Ռազմիկ Մարգարյանն էր, որը 1991 թվականից զբաղեցնում է համայնքի ղեկավարի պաշտոնը, իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում էր գրել, սակայն մարզպետի կողմից համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու որոշումը բողոքարկում է դատական կարգով։

Եղեգնուտցիները դժգոհեցին, որ Արմավիրի մարզպետը ԲՀԿ-ական է, եւ համայնքների ղեկավարներին էլ է ԲՀԿ-ական նշանակում։ Վարչապետը զանգահարեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին, նախարարը տեղեկացրեց, որ համայնքի բնակիչների մի մասն էլ իրենց նախարարության մոտ է ակցիա իրականացնում, եւ այժմ նա զրուցում է բնակիչների հետ։ Վարչապետը տեղեկացավ, որ գործն այժմ դատական կարգով վիճարկվում է եւ խոստացավ, որ ամեն ինչ օրենքի շրջանակում կլուծվի։ Ուշագրավն այն է, որ համայնքի ղեկավարը լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում էր ստորագրել հենց նույն համայնքի բնակիչների ակցիաների հետեւանքով, այսօր, սակայն, բնակիչները պնդում են, որ պահանջում են իրենց համայնքի նախկին ղեկավարին, այլ ոչ թե ԲՀԿ-ականի։ Իրենց խնդրի մասին վարչապետին տեղեկացնելուց հետո ցուցարարները սկսեցին լուսանկարվել վարչապետի հետ։

Կառավարության շենքի մոտ ակցիա էին իրականացնում նաեւ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Արծվաշեն համայնքի բնակիչները։ Վերջիններս փոխհատուցում են պահանջում իրենց բնակարանները վերանորոգելու համար։ Վարչապետը նրանց հինգ հոգանոց աշխատանքային խմբին կընդունի հոկտեմբերի երկուսին։ Տարբեր քաղաքացիներ եւս իրենց խնդիրներով դիմեցին վարչապետին, խնդրեցին մի քանի սելֆիներ «Նիկոլ», «Նիկոլ» վանկարկումներով վարչապետին ճանապարհեցին կառավարության շենք։

«Հայկական ժամանակ»-ի լրագրողի դիտարկմանն ի պատասխան, որ քաղաքացիները փորձում էին բռնությամբ ներս մտնել, խփում էին դռներին եւ պատուհաններին, վարչապետն արձագանքեց. «Իրենց դուռն է, ուզում են խփում են»:

Աղբյուր՝ armtimes.com

Понравилась статья? Поделиться с друзьями: