Խոշորները բեռնաթափվել են


ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկը՝ 2018 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով: Ըստ այդմ, հանրապետության 1000 խոշոր հարկատու ընկերությունները միասին, այս տարվա հունվար-հունիս ամիսներին պետբյուջե են վճարել 446.6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 378.5 մլրդ դրամի դիմաց: Խոշորների վճարած հարկերը, այսպիսով, աճել են 68.1 մլրդ դրամով կամ 18%-ով։ ՊԵԿ-ի կողմից հավաքագրված հարկերն ու տուրքերը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ աճել են 9.4%-ով: Նախորդ տարի իր վճարած հարկերով առաջին տեղում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն էր, որը հիմա երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում, ավելին՝ նվազեցրել է իր վճարած հարկերը: Այս ընկերության դեպքում ուշագրավ է այն հանգամանքը, որ հարկային վճարներում չեն արտացոլվել գազալցակայաններում բացահայտված թերհայտարարագրվող շրջանառությունները։ «Գազպրոմ»–ի մուտքերը բյուջե գրեթե չեն փոխվել։ Եթե անցյալ տարվա առաջին կիսամյակում դրանք կազմել են 24 մլրդ 469 մլն դրամ, ապա այս տարի կազմում են 24 մլրդ 642 մլն։
Դիրքերը զիջել է նաև ՀԷՑ-ը: Նախորդ տարի այն գլխավորել է խոշոր հարկատուների եռյակը, իսկ այս տարի հանգրվանել է ընդամենը 9-րդ տեղում: Իսկ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Հոլդինգ»-ն այլևս ոչ թե 4-րդն է, այլ 7-րդը: Եթե 2017թ.–ի առաջին կիսամյակում այս ընկերությունը բյուջե 11 մլրդ 263 մլն դրամ էր վճարել, իսկ այս տարի` ընդամենը 7 մլրդ 678 մլն։ Այս ակնհայտ տարբերությունը կարող է պայմանավորված լինել «Երևան սիթի» սուպերմարկետներում նախա և հետհեղափոխական շրջաններում գրանցված անկումներով։ Ինչ վերաբերում է ստվերի կրճատմանը՝ այդ գործընթացը դեռ ընթացքի մեջ է, իրական շրջանառությունները բացահայտվում են, և իրական պատկերը պարզ կլինի առաջիկա ամիսների ընթացքում։
>Ինչ վերաբերվում է Հայաստանի բենզինի շուկայում գերիշխող դիրք ունեցող «Սի Փի Էս Օյլ Քորփորեյշն» ընկերության վճարումներն այս տարի 2 մլրդ–ով ավելացել են։ Եթե անցյալ տարի դրանք 6 մլրդ 187 մլն դրամ էին, ապա այս տարի` 8 մլրդ 166 մլն։ «Ֆլեշ» և «Սի ՓԻ ԷՍ» ընկերությունների համար, ինչպես ասում են՝ իրավիճակ չի փոխվել:  Այսպիսով, ՀՀ նոր իշխանությունների` ստվերի ու կոռուպցիայի դեմ մղած պայքարի արդյունքն առայժմ ակնառու արդյունքներ չի արձանագրել։ Վճարված հարկերի նվազումը խոսում է ոչ միայն տվյալ ընկերությունների վատ ոչ բարվոք ֆինանսական դրության մասին, այլև կարող է նշանակել, որ այդ ընկերությունները «գնացել են ստվեր»:

lurer.com

Понравилась статья? Поделиться с друзьями: