Ծխախոտի գովազդի և ղեկին ծխելու համար որքան կտուգանվես․ նոր օրինագիծ

armtimes.com-ը գրում է․

ՀՀ առողջապահության նախարարությունը ծխելու դեմ պայքարի նոր օրինագիծ է մշակել: Այն երկարաշունչ անվանում ունի՝ «Ծխախոտի օգտագործման եւ ծխախոտի ծխի ազդեցության հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին»:

Նախագծով մի շարք սահմանափակումներ ու արգելքներ են նախատեսվում: Ոլորտին առնչվող օրենսդրական այլ փոփոխությունների նախագծերով էլ առաջարկվում է ծանրացնել տուգանքները: Իհարկե, նախորդ նախագծի համեմատությամբ, որն այդպես էլ կյանքի չկոչվեց, տույժերը համեմատաբար մեղմ են, իսկ գործող օրենսդրության համեմատությամբ՝ բավական խստացված:

Նոր օրենքի ընդունումից հետո ծխելն արգելված կլինի փակ եւ կիսափակ հանրային տարածքներում, այդ թվում՝ շքամուտքերում, աշխատանքային տարածքներում՝ անկախ սեփականության ձեւից, բուժհաստատություններում, ուսումնական հաստատություններում, մանկապատանեկան մարզական կազմակերպությունների տարածքներում, երեխաների համար նախատեսված խաղահրապարակներում եւ խաղային պուրակներում, պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում (բացառությամբ այն հուշարձանների, որոնք համարվում են բնակելի տներ), բնության հատուկ պահպանվող տարածքներում, հասարակական տրանսպորտի կանգառների ծածկերի տակ, hյուրանոցային տնտեսության օբյեկտների տարածքներում եւ այլն:

18 տարին չլրացած անձանց ծխախոտային արտադրատեսակներ վաճառել չի թույլատրվի, ու եթե վաճառողի մոտ կասկածներ առաջանան գնորդի տարիքի վերաբերյալ, ապա նա իրավունք կունենա պահանջել անձը հաստատող փաստաթուղթ, իսկ դա չներկայացվելու դեպքում չվաճառել տվյալ ապրանքը: Նոր օրենքով չի թույլատրվի ծխախոտային արտադրատեսակները վաճառել զեղչված գներով կամ առանձին գլանակներով, անվճար ներառել սպառողական որեւէ փաթեթում եւ այլն: Գովազդի բոլոր ձեւերը նույնպես անթույլատրելի կլինեն: Ու եթե այսօր գործող օրենսդրության սողանցքները թաքնված գովազդի հնարավորությունն էին տալիս, նոր նախագծով փորձ է արվել վերացնել դա: Ըստ այդմ, նաեւ կարգելվի ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում: Այսինքն՝ շատ խանութներում ու սուպերակետներում աչքի ընկնող եւ ծխախոտներով բեռնված «ստենդ»-երն այլեւս չեն լինի: Վաճառողները դրա փոխարեն իրենց մոտ կունենան ծխախոտի արտադրատեսակների ցանկը՝ դրանց գներով, որը կտրամադրվի չափահաս գնորդին՝ նրա պահանջով: Այդ ցանկը վաճառասրահում չի փակցվի:

ի՞նչ տույժեր կկիրառվեն

Մինչ այս շրջանառված, բայց օրենքի ուժ չստացած նախագծի քննարկման ժամանակ խոսվում էր աստղաբաշխական՝ ընդհուպ մինչեւ տասը միլիոն դրամի հասնող տուգանքների անհրաժեշտության մասին: Այժմ, առավելագույն շեմը 800 հազար դրամն է: Այդքան նախատեսված է, օրինակ, ծխախոտային արտադրատեսակներ գովազդելու դեպքում: Տույժի կենթարկվի գովազդատուն: Տվյալ ապրանքի նմուշների անվճար իրացումը կպատժվի 100 հազար դրամի չափով:

Հասարակական տրանսպորտում ծխելու համար (բացառությամբ, ջրային եւ երկաթուղային տրանսպորտում այդ նպատակով առանձնացված հատուկ տարածքների), անձը կտուգանվի 50 հազար դրամով: Oդանավակայաններում (բացառությամբ ծխելու համար առանձնացված հատուկ տարածքների), ճոպանուղիների, երկաթուղու եւ մետրոպոլիտենի կայարանների, ավտոկայարանների, ավտոկայանների փակ տարածքներում, ուղեւորների սպասարկման համար նախատեսված տարածքներում, տրանսպորտի կանգառների ծածկերի տակ ծխելու համար նույնպես անձը կտուգանվի 50 հազար դրամով: Մասնավոր տրանսպորտային միջոցի վարորդն ընթացքի ժամանակ ծխելու համար կտուգանվի 10 հազար դրամով: Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթեւ մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխելու համար առավել մեծ տույժ կնախատեսվի՝ 50 հազար դրամ:

Ծխախոտային արտադրատեսակների վաճառքի կանոնների խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում 100 հազար դրամի չափով, այդ թվում՝ անչափահասներին վաճառելը: Զեղչ կիրառելն, օրենքի նախագծով, առավել ծանր «հանցանք» է համարվում եւ դրա համար նախատեսվող տույժը 200 հազար դրամ է: Նույնքան տուգանք կկիրառվի վաճառասրահներում դրանք ցուցադրելու համար:

Մանրամասները՝ այստեղ։

Понравилась статья? Поделиться с друзьями: