Կաշառքի մասին հայտարարության համար Ռոբերտ Քոչարյանը դատի կտա Սիլվա Համբարձումյանին

Գործարար Սիլվա Համբարձումյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ինքը 2008թ․ խոշոր գումար է տվել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ Արմեն Գեւորգյանին: Նա, անդրադառնալով գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի դեմ բացված գործին՝ նշել է, որ 2008-ին իր բաժնեմասերի մի մասը վաճառել է արաբներին, սակայն որպեսզի իրեն չխանգարեն, խոշոր գումար է տվել վերոնշյալ անձանց:

Համբարձումյանը նշել է, որ Մայրապետյանը որպես միջնորդ է հանդես եկել:

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Համբարձումյանի խոսքերը հերյուրանք եւ սուտ է որակել․ «Դա կեղտոտ սուտ է, քանի որ նման բան տեղի չի ունեցել: Մենք դատական գործընթաց ենք սկսելու Համբարձումյանի դեմ եւ պահանջելու ենք, որպեսզի հայտարարությունը հերքվի եւ ներողություն խնդրվի պարոն Քոչարյանից այդ հերյուրանքի համար»,- նշել է նա:

Սողոմոնյանը շեշտել է՝ պատրաստվում են հնարավորինս արագ դատական հայց ներկայացնել Համբարձումյանի դեմ․ «Փաստաբաններն արդեն ուսումնասիրում են, թե ինչ ճանապարհով է դա լինելու, որպեսզի մեր պահանջը կատարվի»,- ասել է նա։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Понравилась статья? Поделиться с друзьями: