Հայկ Մարությանը պետք է զգույշ լինի իր հայտարարությունների մեջ. Անահիտ Թարխանյան

Картинки по запросу anahit tarxanyan

«Ժողովուրդ» օրաթերթը Երեւանի ճարտարապետական խնդիրների, քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությունների, Արթուր Մեսչյանի` Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում նշանակվելու եւ այլ թեմաների շուրջ զրուցել է ճարտարապետ Անահիտ Թարխանյանի հետ, որը եւս առաջադրել էր իր թեկնածությունը Երեւանի քաղաքապետի ընտրություններում: Տիկին Թարխանյանը կարծիք է հայտնել, որ Հայկ Մարությանը պրոֆեսիոնալ առումով պատրաստ չէ քաղաքապետի պաշտոնը ստանձնելուն, սակայն հույս է հայտնել, որ բարի կամքը որոշիչ կլինի խնդիրների լուծման հարցում: Նա նաեւ նշել է, թե որն է մայրաքաղաքին առնչվող ճարտարապետական այն խնդիրը, որն անհրաժեշտ է հրատապ լուծել:

-Տիկի՛ն Թարխանյան, նկատել ենք, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությունների հանդեպ չեք կարողանում անտարբեր մնալ, պարբերաբար հանդես եք գալիս մեկնաբանություններով: Այսօր հատկապես ի՞նչն է Ձեզ անհանգստացնում:

-Հայկ Մարությանը պետք է ավելի զգույշ լինի իր հայտարարությունների մեջ: Օրինակ՝ երկար տարիներ բոլորս պայքարել ենք թամանյանական կենտրոնի համար, եւ հանկարծ նա հայտարարում է, որ ԽՍՀՄ ժամանակ կառուցված շենքերը պետք է քանդվեն, տեղը կառուցվեն նորերը: Սա շատ խիստ կերպով կվտանգի Երեւանի թամանյանական կենտրոնի անվտանգությունը:

-Բայց չէ՞ որ երեւանյան շենքերն իսկապես լուրջ խնդիրներ ունեն սեյսմիկ անվտանգության տեսանկյունից: —

Այո, բայց ամեն շենք պետք է առանձին ուսումնասիրվի, անձնագրավորվի եւ հետո նոր որոշում կայացվի դրա ապագայի հետ կապված: Օրինակ՝ կան շենքեր, որոնց վերեւի հարկերը պետք է հանել եւ դրանք կգան սեյսմիկ կայուն վիճակի, կան շենքեր, որոնք ամրակայումից հետո կարող են դեռ երկար կյանք ունենալ եւ այլն:

-Դուք շարունակու՞մ եք մնալ այն կարծիքին, որ Հայկ Մարությանը պատրաստ չէ Երեւանի քաղաքապետ լինելուն:

-Նախ՝ եթե ես մտածեի, որ Հայկ Մարությանը քաղաքապետի արժանի թեկնածու էր, ինքս չէի առաջադրվի: Հիմա էլ այն համոզման եմ, որ իր համար շատ դժվար է լինելու, իսկ թե պարզապես բարի կամքը որքանով խթանիչ կլինի, ցույց կտա ժամանակը:

-Արթուր Մեսչյանի նշանակումը Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում բավական քննարկվեց: Հանրության մի մասն այն համոզման է, որ դա լավագույն ընտրությունն էր, մյուս մասը, սակայն, այդպես չի կարծում՝ նշելով, որ Մեսչյանը հետադիմական հայացքներ ունի, որ մեկ անգամ արդեն եղել է այդ պաշտոնում, սակայն դրական տեղաշարժեր չի գրանցել եւ այլն: Ո՞րն է թեմայի շուրջ Ձեր տեսակետը:

-Ես այն կարծիքին եմ, որ Արթուր Մեսչյանը գրագետ, փորձառու մասնագետ է, եւ նրա նշանակումից հետո կարող ենք ավելի հանգիստ լինել Երեւանի ճարտարապետական ապագայի համար:

-Իսկ ի՞նչ կարծիք ունեք Երեւանի ավագանու անդամների մասին: Նրանք կարո՞ղ են ճիշտ ուղղորդել քաղաքապետին, ավագանու անդամների պրոֆեսիոնալիզմը կբավականացնի՞:

-Գրեթե ծանոթ չեմ ավագանու կազմին: Կարող եմ խոսել նրանց մասին, ում ճանաչում եմ: Օրինակ՝ ճարտարապետ Արսեն Կարապետյանին գիտեմ որպես լավ եւ սկզբունքային մասնագետ:

Տիկի՛ն Թարխանյան, ո՞րն է մայրաքաղաքի ճարտարապետական այն խնդիրը, որն առաջնային լուծում է պահանջում:

-Կուզենայի` Երեւանի կենտրոնի մասին օրենք ընդունվեր, ըստ որի` կնշվեին այն հիմնական դրույթները, թե ինչպիսի շենքեր կարող են կառուցվել մայրաքաղաքի կենտրոնում, ինչ ճարտարապետությամբ, ինչ հարկայնությամբ եւ այլն: Ժամանակին սկսվել էր այդ օրենքի մշակումը, խոսք էին տվել այն արագ ավարտին հասցնել, սակայն ամեն բան մնաց կիսատ: Հիմա պետք է նորից դրանով զբաղվել: Չի կարելի քնեցնել այս կարեւորագույն հարցերից մեկը:

armlur.am

Понравилась статья? Поделиться с друзьями: