Հնարավոր է կարտոֆիլը վաճառվի 600-700 դրամով

Հնարավոր է կարտոֆիլը վաճառվի 600-700 դրամով

ArmLur.am-ը գրում է․ Հայաստանում կարտոֆիլի գինը կամաց-կամաց հավասարվում է եվրոյի փոխարժեքին։ Այն, նախորդ տարվա այս ժամանակահատվածի հետ համեմատ, ավելի բարձր գնով է վաճառվում։ Նշենք, որ կարտոֆիլի մեկ կիլոգրամն այս օրերին վաճառվում է 320-350 դրամով։ Իսկ եվրոյի փոխարժեքը կազմում է 390-400 դրամ։

Ագրագյուղացիական միավորում ՀԿ-ի ղեկավար Հրաչյա Բերբերյանը ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով կարտոֆիլի բարձր գնին, ասաց, որ առաջիկայում այն ավելի է թանկանալու։

«Որ ժամանակին պարարտանյութն էժան գնով ներկրեինք, կուտակեինք, եւ կառավարությունը պատահական մարդկանց այդ բիզնեսի մեջ չխցկեր, ամեն ինչ կարգին կլիներ։ Մեկ պարկ պարարտանյութի գինը դարձավ 21-22 հազար դրամ, հետո՝ դիզվառելիքը, թունաքիմիկատները, սերմացուն թանկացան։ Այսօր կարտոֆիլի մեծածախ գինն արդեն հասել է 200 դրամի, նախորդ տարվա 120 դրամի փոխարեն։

Առանց պարարտանյութի, թունաքիմիկատների, դիզվառելիքի գյուղացին չի կարող մշակություն անել։ Բուլղարիայի օրինակը բերեմ, որտեղ այսօր մեկ կիլոգրամ շատ ցածր որակի պարարատանյութն արժե 4 եվրո, Ռուսաստանում բարվոք չէ կարտոֆիլի բերքի վիճակը, չնայած որ մեզ մոտ կարտոֆիլի համար հաջող տարի չէ, բայց մենք ինքնաբավ ենք։

Ինչպես կարող էր դիզվառելիքի մեկ լիտրը նախորդ տարի 300-350 դրամով վաճառվել, հիմա՝ 600-700 դրամով»,- նկատեց Բերբերյանը։

Մասնագետի խոսքով, կարտոֆիլի գինը մինչեւ տարեվերջ կհասնի 600 դրամի եւ այդ գինը կպահպանվի մինչեւ հաջորդ բերքը։ Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ կարտոֆիլի սերմացուի համար նախկինում մաքսատուրք չէր կիրառվում, իսկ հիմա այն կազմում է 5 տոկոս։

Понравилась статья? Поделиться с друзьями: