Մենք հաղթեցինք, Սերժի հաճախորդները՝ պարտվեցին․ Հմայակ Հովհաննիսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն է։

– Պարոն ՀովհաննիսյանԵրևանի ավագանու արտահերթընտրություններում ընտրողների 81 տոկոսից ավելին իրենց քվենտվեցին գործող վարչապետի աջակցությունը վայելող ուժին։ Ի՞նչքաղաքական իրավիճակ է ստեղծվել երկրում այդ ընտրությունիցհետո։

– Քաղաքացիները գիտեն, որ Հայաստանի քաղաքագետների միությունը ընտրություններին սատարում էր «Իմ քայլը» դաշինքին և ՀՔՄ վարչությունը քարոզարշավի եզրափակիչ օրը հանդես եկավ ընտրողներին ուղղված հատուկ կոչով, որը հրապարակվել է լրատվամիջոցներում՝ մասնավորապես Ձեր կայքում։ Եթե ուշադիր վերընթերցեք մեր այդ հայտարարությունը, ապա ավելի խոր կընկալեք Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների նպատակադրվածությունը Երևանի քաղաքապետի ու ավագանու ընտրություններին: Այդ քվեարկությամբ մենք ձգտում էինք անշրջելի դարձնել մեր հեղափոխությունը: Ժողովրդական լեզվով ասած՝ եթե սույն թվականի ապրիլին մենք միահամուռ մերժեցինք Սերժ Սարգսյանին, ապա սեպտեմբերի 23-ին մենք Սերժին միահամուռ և մեկընդմիշտ ուղարկեցինք գյոռը, որտեղից նա այլևս երբեք դուրս չի գա:

Հայերն իմաստուն են և հասկացան, որ Սերժին վերջնականապես մերժելու համար անհրաժեշտ է վճռականորեն մերժել նաև նրա հաճախորդներին: Սերժի այդ հայտնի հաճախորդները նրա գահավիժումից հետո հերթի էին կանգնել Նիկոլի մոտ՝ նոր «սյուզերենին» հավատարմություն ու ծառայելու պատրաստակամություն հայտնելու միջոցով իրենց հաճախորդական կարգավիճակը պահպանելու ակնկալիքով: Մեր իմաստուն, հազարամյակների կենսափորձ ունեցող ժողովուրդը հասկացավ, որ այս ստոր արարածները հեղափոխության նպատակների իրականացմանն ավելի մեծ վտանգ են ներկայացնում, քան աշոտյաններն ու շարմազանովները: Ավելի մեծ վտանգ են ներկայացնում, քանզի պատմական փորձը ցույց է տալիս, որ հեղափոխությունները պարտվել են այն դեպքերում, երբ հակահեղափոխական ճահճից դուրս եկած տարբեր տրամաչափի դոդոշներին հաջողվել է սողոսկել ու դիրքավորվել նոր իշխանության մեջ՝ արդյունքում կեղծավոր գրկախառնությամբ խեղդելով հեղափոխությունը: Այդ դոդոշները չէի՞ն, որ գլխատեցին Ռոբեսպիերին ու սկիզբ դրեցին հակահեղափոխական թերմիդորին: Ի դեմս Բարրասի, Սաենսի ու Թելենի, այդ դոդոշները չէի՞ն, որ ստեղծեցին դիրեկտորիա և հետո Նապոլեոն Բոնապարտի ձեռքերով խեղդեցին Ֆրանսիական մեծ հեղափոխությունը: Այդպիսի վտանգավոր ճահճաբնակներից խուսափելու անհրաժեշտությունն էր ստիպում հստակ սահմանազատվել նրանցից՝ առաջ քաշելով սպիտակի և սևի անհամատեղելիության և անհաշտ պայքարի մասին հայտնի հեղափոխական թեզը: Ես, ամենայն պատասխանատվությամբ, հայտարարում եմ, որ Նիկոլ Փաշինյանի ու Հայկ Մարությանի կողմից «սպիտակի ու սևի» անհաշտ պայքարի մասին բանաձևի առաջ քաշումը, քաղաքագիտական առումով, անխոցելի է և արտացոլում է դեռևս չավարտված, շարունակվող հեղափոխության իրողությունները:

Ընտրությունների հաջորդ օրը, երբ ընտրությունների արդյունքներն արդեն հայտնի էին, ես իմ ֆեյսբուքյան էջում արեցի հետևյալ գրառումը. «Մենք հաղթեցինք, Սերժ Սարգսյանի հաճախորդները՝ պարտվեցին»: Սերժ Սարգսյանը զրկվեց իր հիմնական քաղաքական ռեսուրսից՝ հաճախորդներից: Այո, նրա հիմնական քաղաքական ռեսուրսը միշտ եղել են ոչ թե թիմակիցները՝ հանրապետականները, այլ հենց հաճախորդները, որոնց միջոցով նա կարողանում էր բարոյալքել քաղաքական դաշտը ու ապահովել սեփական թիմակիցների անդարդ ու հանգիստ կյանքը գաղջ ճահճում: Ճահճի մեջտեղում նստած էր մեծ դոդոշը ու բոլորին՝ հրաշալի քառյակներին ու եռյակներին, ճահճից հանած ընծաներն էր բաժանում ու «նախագահ ջանի» հանձնարարությամբ ցուցումներ տալիս, և սրա անունը դրել էին «քաղաքական կյանք» կամ «քաղաքական դաշտի զարգացումներ»… Նիկոլը այս խեղկատակությանը վերջ դրեց, և դա էր այս քարոզարշավի ընթացքում նրա գերակտիվության արդյունքը: Նա ցույց տվեց, որ մտադիր չէ պահպանել Սերժ Սարգսյանի ստեղծած քաղաքական հաճախորդների «ինստիտուտը», որ չի գնալու գործարքի օլիգարխիայի հետ, այլ, ընդհակառակը, հավատարիմ է մնալու բիզնեսի ու քաղաքականության տարանջատման ու օլիգարխիային որպես երևույթ վերացնելու սեփական ուղեգծին: Ասեմ, որ հետխորհրդային տարածքում և ոչ մի երկրում չի հաջողվել հասնել այդ նպատակին, և նույն Վրաստանում կամ Ուկրաինայում հեղափոխական ճանապարհով իշխանության եկած ուժերը, ի վերջո, նորից հայտնվել են տեղական օլիգարխների սպասավորների դերում, կամ էլ՝ իշխանությունն անմիջականորեն հանձնել են օլիգարխներին: Նիկոլն այն հրաշք տղան է, որին առայժմ հաջողվում է զսպել դոդոշների ախորժակները, իսկ Հայաստանը միակ հետխորհրդային երկիրն է, որտեղ ստեղծվել են բոլոր անհրաժեշտ նախադրյալները, որպեսզի օլիգարխիան մեկընդմիշտ հեռանա քաղաքականությունից: Եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի հասնել այդ գործում վերջնական հաջողության, ապա նա մեծ ծառայություն մատուցած կլինի ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը ու հայ ժողովրդին, այլ հետխորհրդային տարածքի բոլոր երկրներին ու ժողովուրդներին:

 Հիմա կրկին սրվել են Ազգային ժողովը ցրելու և նոր ընտրությունանցկացնելու մասին խոսակցությունները։ Այդ մասին ակնարկել էնաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արդյո՞ք կա անհրաժեշտությունխորհրդարանի արտահերթ ընտրություններ անցկացնելու։

– Այդ անհրաժեշտությունն ակնհայտ է: Այլ հարց է, որ այսօր արդեն կարելի է և չշտապել ու ավելի լուրջ նախապատրաստվել ընտրություններին: Այսօր այն կեղծ քաղաքական դաշտը կնվազի, որը մեզանում գոյություն ուներ մինչև Սերժին հեռացնելը, փլուզվեց, իսկ տեղում առաջացել է դատարկություն: Ճիշտ է, այս ընթացքում հայտարարվեց երեք նոր կուսակցությունների ստեղծման մասին, բայց դրանք գործնականում դեռ չեն հասցրել կազմավորվել և նույնիսկ գրանցվել: Այսպիսով` գոյություն ունի անտինոմիա՝ անհաղթահարելի հակասություն: Մի կողմից անհրաժեշտ է շուտափույթ անցկացնել ԱԺ ընտրություններ և հաղթահարել մեզանում առաջացած սահմանադրական ճգնաժամը, իսկ մյուս կողմից՝ քաղաքական դաշտը փլուզվել է և ժամանակ է պետք, որպեսզի այն մաքուր էջից վերստեղծվի նոր որակով, նոր դերակատարներով: Հակառակ դեպքում մենք կունենանք լուրջ պրոբլեմներ, և մեր խորհրդարանի քաղաքական ներկապնակը չի կարողանա ապահովել Հայաստանի Ազգային ժողովի պատշաճ բազմակուսակցական մասնակցությունը միջազգային խորհրդարանական կազմակերպությունների աշխատանքներին: Առանց այդ էլ մեր խորհրդարանական դիվանագիտությունը վերջին տասը տարիների ընթացքում եղել է անարդյունավետ: Բայց առաջիկայում խնդիրներն ավելի են բարդանալու. Սպասելի է, որ Արցախի հիմնահարցի քննարկումները դառնան ավելի թեժ ու ավելի ընդգրկուն: Կարծում եմ, որ չի կարելի շտապել : Պետք է ձգտել ԱԺ որակյալ կազմ, և անհրաժեշտ ու եվրոպական չափանիշներին համահունչ խորհրդարանական ներկապնակ ստանալու նպատակների իրագործմանը: Եվ այս հարցը պետք է առաջիկայում դառնա մեզանում հատուկ քննարկումների առարկա…

 Ըստ Ձեզհանրապետականներն ու հեղափոխության դեմ գործողայլ ուժեր ի՞նչ հնարավորություն ունեն՝ խափանելու նորընտրությունները։

– Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել: Այդպիսի հնարավորություններ նրանք ունեն, սակայն ես նրանց հուշելու մտադրություն չունեմ: Ես միայն մի բան կարող եմ նրանց ասել. մի՛ օգտագործեք Արցախի հարցում մեզ անընդունելի լուծումներ պարտադրելու օտար պետությունների շահադիտական մտադրությունները նոր իշխանությունների դիրքերը թուլացնելու և իշխանությանը տիրանալու նպատակով:

– Ի՞նչ զարգացումներ կարող ենք ակնկալել առաջիկա շրջանում։

– Պետք է կարողանանք արագ նախապատրաստել ապագա խորհրդարանական ներկապնակի նախագիծը, ներկայացնենք այդ նախագիծը Նիկոլ Փաշինյանին և հորդորենք, որ հաստատի այն և իր անունից ներկայացնի ժողովրդի դատին: Ես հասկանում եմ, որ ինձ կարող են մեղադրել հակաժողովրդավարական քաղաքական տեխնոլոգիայի առաջարկության մեջ, բայց ես, անկեղծ, գտնում եմ, որ այսօր Հայաստանում առաջին պլան պետք է մղել ոչ թե ժողովրդավարության, այլ արդյունավետության չափանիշները: Վերջին տասնամյակին մենք բոլոր տնտեսական ցուցանիշներով ու տարածաշրջանում մեր ընդհանուր կշիռով շատ ենք հետ ընկել մեր հարևաններից՝ Վրաստանից ու Ադրբեջանից: Իրավիճակը փաստորեն հավասարվել է երեք հարավկովկասյան երկրների միջև քսաներորդ դարի սկզբին գոյություն ունեցող հնարավորությունների հարաբերակցությանը, իսկ դա նշանակում է, որ շուտով մի նոր «Կովկասյան բյուրո», որի անունը այս անգամ կարող է լինել, օրինակ, ԵԱՀԿ Մինսկի խումբ, Ղարաբաղը նորից կմիացնի Ադրբեջանին: Արցախը փրկելու համար անհրաժեշտ է տնտեսական հրաշք իրականացնել, և այդ հրաշքին պետք է նպաստի երկրի ժամանակակից քաղաքական ներկապնակը, որի առկայությամբ միայն հնարավոր կդառնան անհրաժեշտ արտասահմանյան ներդրումները: Մի մոռացեք, որ սերժսարգսյանական տասնամյակին մեր խորհրդարանական ներկապնակն արհեստականորեն ձևել են ռուսաստանյան խորհրդարանական ներկապնակին համապատասխան: Ռուսաստանում կային երկու հիմնական պրոպուտինյան ուժեր՝ «Եդինայա Ռոսիա» և «Սպրավեդլիվայա Ռոսիա», և երկու օժանդակ «ընդդիմադիր» ուժեր: Այստեղ պատկերը հայելային նույնությամբ արտացոլում էր ռուսաստանյան դասավորությունը: ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն Սերժի հիմնական հենարաններն էին, իսկ ՕԵԿ-ը ու ՀՅԴ-ն օժանդակ սպասարկումներն էին: Նմանությունը խայտառակության աստիճանի էր և ոչ մի պատրանք չէր թողնում մեր «սուվերեն ժողովրդավարություն» լինելու հարցում: Հիմա, ինչպես ռուսներն են ասում, սեպը սեպով պետք է դուրս գցել, ուրիշ ճար չկա: Պետք է կազմալուծել ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, պետք է ստեղծել ՔՊ-ի կողքին նոր կուսակցություններ՝ եվրոպական չափանիշներին համապատասխան: Հայոց Ազգային ժողովում պետք է ներկայացված լինեն ժամանակակից եվրոպական երկրների խորհրդարաններում գործող բոլոր հիմնական գաղափարական-քաղաքական հոսանքները՝ լիբերալ, սոցիալիստական, պահպանողական, աջակողմյան, լեյբորիստական, ազգայնական, կանաչների: Այսինքն՝ մեր խորհրդարանում պետք է ներկայացված լինի առնվազն 7 քաղաքական ուժ, և միայն այդ դեպքում մեր Ազգային  ժողովը կարող է լինել կենսունակ ու մեր առջև ծառացած խնդիրների լուծման հրամայականին համարժեք:

Աղբյուր՝1in.am

Понравилась статья? Поделиться с друзьями: