«Մի ամիս առաջ անհետ կորած երեխեն զանգեց, հետո հեռախոսը ադրբեջանցի վերցրեց ու ասեց՝ լավ կլինի, մայրիկ, չմտածես»

Անիտա Հախվերդյանն իր սոցհարթակում գրում է. «Վերջերս լուսադեմի 6-ի կողմերը ես հեռախոսով եմ խոսում: Պատերազմից մնացած ռեֆլեկսիա է՝ լուսադեմի մթնշաղին հարաբերական հանգիստ էր Ստեփանակերտում:

Ու հիմա էլ ենք այդ ժամերին խոսում, ավելի ստույգ՝ զանգում է ինքը, խոսում եմ ես, փորձելով լռության անդունդից դուրս քաշել ընկերոջս: Պարզ ու մարդկային բաներից եմ ղունղունում, մեկ էլ ծորացող լուսաբացի մեջ խուժում ու որոտում է անմարդկային ճչոց: Կին է գոռում: Վեր ենք թռնում՝ ես ժամի հայաթում, ինքը՝ Պիտաչոկի կողքի բակում:

-Հեսա կզանգեմ… Ես հոկտեմբերի վերջից սկսել եմ ամեն ինչ դանդաղ ընկալել, էլ նախկին սրնթաց մտածելու, արձանգանքելու ունակությունը չկա: Ուժ եմ գործադրում, թե ինչ կարող էր պատահած լիներ, խոհանոցի կենտրոնում լռվել եմ՝ տաք ջազվեն ձեռքիս..

Աստված չտա, երեխու մահվան գույժն է իմացել, պատուանից Զորավորի գմբեթին նայելով, խոստումներ է, որ տալիս եմ, միայն թե իմ մտածածը չլինի: Զանգեց:

-Աաա, լյավ խաբար ասիմ, հարևանի խոխան ողջ ա, զանգալ ա….Բաքվից:

Լուրը կանգնել՝ չի մտնում գլխիս մեջ. ո՞նց Բաքվից, էստեղ լավը ո՞րն է…

-Դու էդ տղու մերը լինեիր, դու էլ ուրախությունից կգոռայիր, միայն թե երեխեդ ողջ լիներ, ասում ա, ժ.6-ին մի ամիս առաջ անհետ կորած երեխեն զանգեց, հետո հեռախոսը ադրբեջանցի վերցրեց ու ասեց՝ լավ կլինի, մայրիկ, չմտածես: Մոր աչքերը տեսնեիր…

Ես քո իսկական մաման չեմ, բալե՜ս, բայց իմացած եղիր, որ բոլոր մայրերի սիրտը կանգնած է, նորից կզարկի երբ դուք տուն դառնաք: Պատեպատ տվեք ձեզ, երկու շաբաթ է անցել, հետ բերեք երեխեքին, մնացածը հիմա. նախարար, մանդատ՝ կապիկություն է»:

Понравилась статья? Поделиться с друзьями: