Մի նամակ ու իր գլխարկը տվել էր ընկերոջը, որ հասցնեն հերոս ծնած մորը… Հակոբը վազել է դեպի տանկ՝ օգնելու հրամանատարին և այդ պահին եղել է ԱԹՍ-ի հարվածը

Արցախ-ադրբեջանական սահմանին ընթացող պատերազմում հարյուրավոր զինվորներ զոհվեցին հանուն հայրենիքի։

Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղից 2019թ․-ին բանակ էր զորակոչվել նաև Հակոբ Մանթաշյանը՝ տանկիստը, որը ցավոք , զոհվեց այս պատերազմում։

Հակոբն ու մյուս զինծառայողները սեպտեմբերի սկզբին մեկնել էին «Կովկաս 2020» զորավարժություններին մասնակցելու։

Մեր տանկիստ հերոսը, մեր Բեկը (նրան այդպես պապն ու տատն էին անվանում) նոր էր վերադարձել «ԿՈՎՍԿԱՍ 2020» զորավարժություններից ու օդանավակայանից միանգամից մեկնել մարտի դաշտ՝ հերոսանալու, անմահանալու։

Հակոբը պատվով կատարել է իր առջև դրված առաջադրանքները։ Անմնացորդ նվիրվել է հայրենիքին։ Ծառայում էր մեծ սիրով, ոգևորությամբ էր պատմում բոլոր հաղթանակների, ստացած մեդալների ու պատվոգրերի մասին։ Մեր հպարտությունն էր մեր հերոսը։

Բայց մեզ անմահացած հերոս պետք չէր, մեզ մեր ախպերն էր պետք, մեզ մեր ուրախության պատճառն էր պետք։

Դու միշտ ներկա կլինես մեր հերոս։ Դու, որ երբեք չես գալու…

Հոկտեմբերի 16-ին Հակոբը խոսել էր մոր հետ, հանգստացրել նրան ու վստահեցրել, որ ամեն ինչ լավ է լինելու, վերադառնալու է։

֊Մամ ջան, լավ եմ, սաղ լավ ա, հնարավորա մի քանի օրով գամ տուն մամ ջան։ Իջնեմ չաստ, հեռախոսս դնեմ զարյադկի կզանգեմ մամ ջան։

֊Լավ Հակ ջան, կզանգես անպայման սպասում ենք

֊Լավ մերս, կամանդիրնա զանգում, տենամ ինչա ասում էլի կզանգեմ

֊Լավ տղես, ուշադիր կլինես, կզանգես

«Զորաշարժ կատարալու ընթացքում վազել է դեպի տանկ՝ օգնելու հրամանատարին ու զինակից ընկերոջը։ Այդ պահին ԱԹՍ֊ն ոչնչացրել է Հակոբի տանկը…»֊ պատմել են զինակից ընկերները։

Երևի զգում էր, թե ինչ է լինելու իր հետ։ Մի նամակ ու իր գլխարկը տվել էր ընկերոջը, որ հասցնեն հերոս ծնած մորը…
____

Չզանգեց։ Չեկավ։ Հերոսացավ։ Ուզեց, որ միշտ սպասենք իրեն ու իր զանգին։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: