Նա չի հեռացել, նա բարձրացել է. Քեզ համար, Ազնավուր

Հայ ժողովուրդը սգում է: Հոկտեմբերի 1-ին կյանքից հեռացել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Ծագումով հայ, ֆրանսիացի երգիչ, որը աշխարհինն էր վաղուց: Ազնավուրի կորուստը արձանագրում է ամբողջ աշխարհը, և մենք՝ հայերս, սգալով մեր մեծ հայրենակցի մահը՝ իրականում, իհարկե, չունենք նրան «ազգայնացնելու» իրավունք, քանի որ դրանով նսեմացնելու ենք մեծ մարդու և երաժշտի անունն ու համբավը, նրա հիշատակը:

Շառլ Ազնավուրի հայկական մեծությունն էլ հենց այն էր, որ նա միայն մերը չէր, նա համամարդկային էր և դրանով նաև ոչ միայն երաժշտական, ոչ միայն արվեստի, այլև մարդկային մեծություն:

Ազնավուրի մասին հնարավոր է խոսել անվերջ, որքան խորն ու անհատակ էին նրա ստեղծագործությունները, որոնք շոշափում էին կյանքի ամենատարբեր ռիթմերը՝ սիրո առանցքով: Միևնույն ժամանակ, Ազնավուրի մասին խոսքերն արդեն վաղուց ավելորդ են: Քիչ կան աշխարհում այդպիսիները, որոնց մասին կա խոսելու անվերջանալի նյութ, որոնք տվել են մարդկանց դրա հնարավորությունը, մյուս կողմից, սակայն, իրենց մեծությամբ և վեհությամբ անիմաստ են դարձրել որևէ խոսք: Որովհետև հնարավոր չէ ասել կամ անել ավելին, քան այն, ինչ արել են նրանք: Եվ նրանց շարքում է մեծ աշխարհի մեր զավակը՝ Շառլ Ազնավուրը:

Նա աշխարհինն էր, միևնույն ժամանակ էլ նա աշխարհում հայ ժողովրդի խտացված պատմությունն էր՝ իր կյանքով, իր դժվարություններով, իր նվաճումներով, սերերով և հիասթափություններով, իր անմնացորդ աշխատանքով, կամքով, կամքով, կամքով, որը նրան բեմի վրա էր պահում 90-ն անց էլ: Միևնույն ժամանակ, նա օրինակ էր, ապրելու, արարելու, պայքարելու, աշխատելու, նպատակադրվելու, այդ ամենով հանդերձ՝ մարդկանց սիրելու, այդ ամենը սիրով ու բարությամբ առաջ տանելու օրինակ:

Ազնավուրը ինքը կյանքն էր, իսկ կյանքը չի մեռնում: Եվ ուրեմն՝ մեր անասելի տխրությամբ ու վշտով հանդերձ, մենք նրան ճանապարհում ենք ժպիտով ու ծափերով, վստահ, որ նա այդ ամենին պատասխանելու է արդեն ոչ թե բեմից, այլ երկնքից, բայց բազմակի ավելի ուժգին ճառագող և մեր հոգիները թափանցող բարությամբ ու ժպիտով, այն ժպիտով, որը նկարագրելու համար կարող են գտնվել բազմաթիվ բառեր, բայց որը պատկերելու համար ծնվել էր միայն Ազնավուրը:

Հանգչիր խաղաղությամբ, մեծ Վարպետ, դու մեզանից չես հեռացել, դու պարզապես բարձրացել ես՝ բեմից ավելի վեր, որտեղից չես իջնելու երբեք:

Աղբյուր՝1in.am

Понравилась статья? Поделиться с друзьями: