Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել արտահերթ խորհրդարանական ընտրություններ ժամկետ հետ կապված

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան այս տարվա դեկտեմբերին, այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա խորհրդարանում հանդիպեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին ու ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, այնուհետև լրագրողների հետ զրույցում արեց այդ հայտարարությունը:

«Ես կարծում եմ, որ այսօր խորհրդարանում տեղի է ունեցել շատ կարևոր իրադարձություն նեգատիվ առումով: ՀՀԿ-ն և կարծես թե ոչ միայն ՀՀԿ-ն հերթական անգամ ցույց են տվել, որ իրենք ճիշտ չեն գնահատում Հայաստանում հաստատված իրավիճակը: Այն, ինչ տեղի է ունեցել, չի կարող անցնել առանց հետևանքների, և ես այդ կապակցությամբ պատրաստվում եմ անել շատ կարևոր քաղաքական հայտարարություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե իր կարծիքով ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն են կատարում՝ խոչընդոտելո՞ւ արտահերթ ընտրությունների իր օրակարգը, վարչապետը պատասխանեց՝ այո:

«Հիմա, եթե հարց էր գնում՝ Հայաստանում հակահեղափոխություն կա, թե ոչ, կարող ենք հստակ արձանագրել, որ, այո, Հայաստանում կա հակահեղափոխություն, և հակահեղափոխություն են բոլոր նրանք, քաղաքական այն ուժերը, ովքեր պաշտպանել են և պատրաստվում են պաշտպանել այդ նախագիծը: Ինձ հավաստիացնում են, որ դա երեք քաղաքական ուժերի կողմից նախաձեռնություն է: Ցանկացած պատգամավոր, ով կհայտարարի, որ ինքը պաշտպանում է այդ նախագիծը, այո, ես պաշտոնապես ասում եմ՝ ինքը հակահեղափոխության ներկայացուցիչ է և ցանկանում է, որ կոռուպցիոն համակարգը հասնի ռևանշի իշխանության նկատմամբ: Մենք, բնականաբար, դա թույլ չենք տա»,- ասաց նա:

Հարցին, թե այս ամենից հետո քաղաքական ուժերի հետ շարունակելո՞ւ է բանակցությունները արտահերթ ընտրությունների շուրջ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ պետք է արձանագրել հետևյալը՝ վերջին զարգացումներից հետո 2018 թվականի դեկտեմբերին Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Աղբյուր՝Lragir.am

 

Понравилась статья? Поделиться с друзьями: