Սերժ Սարգսյանի շուրջ օղակը սեղմվում է․ ե՞րբ կկալանավորվի Սերժ Սարգսյանը

1in.am-ը գրում է. Երեկ տեղի են ունեցել ուշագրավ իրադարձություններ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվում են Սերժ Սարգսյանի անվան հետ։ Առաջին տպավորությունն այն է, որ երրորդ նախագահի շուրջ օղակը սեղմվում է, ու երեկվա իրադարձություններն ասվածի լավագույն դրսևորումներն են։ Քննչական կոմիտեն փաստեր է ձեռք բերել՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի չարաշահումների իրականացման վերաբերյալ։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա երեկ որոշում է կայացվել Արա Մինասյանին մեղադրանք առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախության և մի խումբ անձանց հետ փաստաթղթեր կեղծելու համար: Սերժ Սարգսյանի խնամին կասկածվում է 426 միլիոն 343 հազար 650 դրամ հափշտակելու մեջ։ Արա Մինասյանը թաքնվում է քննությունից և պարզ չէ նրա գտնվելու վայրը։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:

Արա Մինասյանը հանրապետության ճանաչված բժիշկներից մեկն է և արդար չի լինի, եթե առողջապահության ոլորտում նրա մեծ ազդեցությունը կապենք Սերժ Սարգսյանի անվան հետ։ Մյուս կողմից՝ ՔԿ-ի բացահայտումները վերաբերում են 2016-17թթ-ին, ինչը հուշում է, որ Մինասյանը խնամու նախագահությունն օգտագործել է՝ խոշոր չարաշահումներ իրականացնելու նպատակով՝ համոզված լինելով, որ մնալու է անպատիժ։ Նույնիսկ այնքան էլ էական չէ այն հանգամանքը՝ Սերժ Սարգսյանը տեղյակ եղե՞լ է, թե՞ ոչ կատարված չարաշահումներին, որովհետև նրա ստեղծած համակարգի բնույթը հենց այնպիսին էր, որ իշխանությունը ծառայեցվել է յուրայինների հարստացմանը, պետական միջոցների ու ռեսուրսնեի զանգվածային թալանին։ Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանի իշխանության ժողովրդական ընկալումը դարձել էր նրա եղբայր Սաշիկը՝ «50/50»-ի հայտնի «բրենդով։

Понравилась статья? Поделиться с друзьями: