Վահագն Հարությունյանի արձագանքը՝ իրեն առաջադրված մեղադրանքին

Ինչպես հայտնի է, Հատուկ քննչական ծառայությունը Մարտի 1-ի քրեական գործով ապացույցներ կեղծելու համար մեղադրանք է առաջադրել այդ գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նաև միջնորդություն է ներկայացվել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Սակայն այսօր Վահագն Հարությունյանը հայտարարեց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, քանի որ այն շինծու է, իսկ հայտարարված հետախուզումն՝ ապօրինի։ Ապա նշեց, որ ինքն այժմ Մոսկվայում բուժում է ստանում, իսկ իր գտնվելու վայրը հայտնի է եղել ՀՔԾ-ին, հետևաբար ինքը չի կարող հետախուզվել:

«Սեպտեմբերի 11-ին, մեկ օր ուշացումով, իմ բնակության վայրի հասցեով ստացվել էր ծանուցագիր՝ ամսի 10-ին հարցաքննության հրավիրելու վերաբերյալ: Իմ փաստաբանը ներկայացրել էր պարզաբանումներ, որ ես բուժման նպատակով գտնվում եմ Մոսկվա քաղաքում և հարցաքննության չեմ կարող ներկայանալ։ Բայց նշել էր նաև, եթե կարիք կա, կարող ենք ներկայացնել բնակության վայրի, կոնտակտային տվյալներ, ինչպես նաև կտրամադրվի տվյալներ բուժման ընթացքի և հետագա պլանների վերաբերյալ», — պատմեց «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարը՝ նշելով, որ դրանից հետո որևէ արձագանք ՀՔԾ-ից չեն ստացել։
Արձագանքելով Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելուն, 1000 պարկուճներ փոխարինելուն, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձին ծառայություն հրավիրելուն ու հանձնարարություններ տալուն, Հարությունյանը նշեց. «Քննիչը ո՞նց կարող է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյային հանձնարարություն տալ: Քննիչի լիազորությունները հստակ նկարագրված են քրեական դատավարության օրենսգրքում։ Քրեական գործի քննության ընթացքում, որը եղել է իմ վարույթում երկար ժամանակ, ապացույցներ չեն եղել Զինված ուժերի կողմից որևէ հակաօրինական գործողություն կատարելու՝ պարկուճներ հայտնաբերելու և այլն: Լավ չեմ հիշում, թե որքան պարկուճ էր դեպքի վայրից հայտնաբերվել։ Այնտեղ բազմաթիվ պարկուճներ կային, որոնց կրակած զենքերը չեն հայտնաբերվել»,- ասաց Հարությունյանը:

Հարությունյանն անհիմն և զավեշտալի որակեց նաև այն տեղեկությունները, թե ինքը Հայաստանը լքել է, քանի որ կանխատեսել էր, որ հնարավոր է՝ նաև ինքն անցնի այդ գործով։ Նա նշեց, որ 2014 թվականից լուրջ խնդիրներ ունի սրտանոթային համակարգի հետ կապված, ինչպես նաև ունի լուրջ խնդիրներ 2006 թվականին տեղի ունեցած ավտովթարից՝ ծնկահոդի տեղաշարժման հետ կապված բավականին հետևանքներ են առաջացել և որոշել էր զբաղվել իր առողջությամբ:Նա նշել է նաև՝ հետևողական է լինելու, որ այդ ապօրինությունների հետ առնչություն ունեցած յուրաքանչյուր ոք անպայման պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար: Հարությունյանի պնդմամբ, այս քրեական գործի նախաքննության ընթացքը իրեն ցույց են տվել, որ իր նկատմամբ հետապնդում է իրականացվում:

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն էլ այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով խնդրին, չբացառեց, որ 2008թ. մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի ղեկավարությամբ ապացույցների կեղծման վերաբերյալ փաստացի ապացույցների արդյունքում որոշում կայացվի լրացնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը։
Երեկ ՀՔԾ տարածած հաղորդագրության համաձայն, պարզվել է, որ Հարությունյանը, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՔԾ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, կազմակերպել է ապացույցների կեղծումը, մասնավորապես՝ նպատակ ունենալով թաքցնել 2008 թվականի Մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ «ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները»:

lurer.com

Понравилась статья? Поделиться с друзьями: