Տարիներ շարունակ կուտակված հանդգնությունը թույլ չի տալիս շատերին հաշտվել իրավիճակի հետ

Մեր զրուցակիցն է ԱԺ Ելք խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը

ՀՀԿ ԳՄ նիստում արտահերթ ընտրությունների հարցում վերջնական որոշման չեն հանգել։ ՀՀԿ տարբեր ներկայացուցիչներ տարբեր կարծիք են հայտնում, մի մասը սպասում է բանակցություններին, իսկ մյուս մասն արդեն հայտարարում է, որ իրենց դիրքորոշումը չեն փոխի, եթե անգամ կուսակցության առաջնորդը հորդորի։ Եթե նրանք ձգձգեն գործընթացը, ի՞նչ քայլերի եք դիմելու։

Մեր բոլոր գործողություները լինելու են ՀՀ Սահմանադրության շրջանակներում: Ներկայացնեմ ԱԺ-ն արձակելու սահմանադրական հիմքերը. Սահմանադրության 149-րդ հոդվածն ասում է. վարչապետի հրաժարականի պարագայում 7-օրյա ժամկետում ԱԺ խմբակցությունները կարող են առաջադրել թեկնածուներ և 105-ից առնվազն 53 ձայնով ընտրել նոր վարչապետ: Եթե վարչապետ չի ընտրվում (չկան առաջադրումներ կամ առաջադրված թեկնածուներից ոչ մեկն անհրաժեշտ թվով ձայներ չի հավաքում), ապա քվեարկությունից 7 օր հետո անց են կացվում վարչապետի նոր ընտրություններ: Եվ եթե նորից վարչապետ չի ընտրվում, ապա ԱԺ-ն արձակվում է իրավունքի ուժով: Այս կարգավորումը՝ 149-րդ հոդվածը, կարող է փոփոխվել բացառապես հանրաքվեի միջոցով: Հանրաքվեի նախագիծ կարող են ներկայացնել պատգամավորների առնվազն 1/3-ը (35), կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող 200.000 քաղաքացի: Այս դեպքում հանրաքվե անցկացնելու որոշումն ընդունում է ԱԺ-ն՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների 2/3-րդով (70): 149-րդ հոդվածում փոփոխություններ անելու գործընթացը բավական բարդ է:

ԱԺ-ի արձակման հիմքեր ձևակերպված են նաև Սահմանադրության 92-րդ հոդվածում: Այստեղ ԱԺ-ն կարող է արձակվել, եթե վարչապետ չի ընտրվել կամ եթե ԱԺ-ն կառավարության ծրագրին հավանություն չի տվել: Այս հոդվածն արդեն կարող է փոփոխվել առանց հանրաքվեի: Փոփոխություն անելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ պատգամավորների առնվազն ¼-ը (27), կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող առնվազն 150.000 քաղաքացի: Այսինքն՝ 92-րդ հոդվածում կարելի է շարունակել թվարկել ԱԺ-ի լուծարման հիմքերը՝ ի թիվս եղած հիմքերի: Փոփոխությունը կընդունվի, եթե կողմ քվեարկեն պատգամավորների 2/3-ը (70): Այս դեպքում էլ, եթե Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հավանության չարժանանա պատգամավորների կողմից, կարող է նախաձեռնվել հանրաքվե պատգամավորների առնվազն 3/5-ի կողմից: Արտահերթ ընտրություններ անցկացվում են արձակումից ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 45 օր հետո: Հերթական ու արտահերթ ընտրությունները նշանակվում են հանրապետության նախագահի կողմից:

Սրանք են այն հնարավորությունները, որոնցով կարելի է հասնել ԱԺ-ի լուծարմանը: Ես չէի ցանկանա այժմ բացահայտել, թե որ մարտավարությունն է ընտրելու կառավարությունը: Վարչապետը հայտարարեց, որ սկսելու է բանակցություններ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ արտահերթ ընտրությունների մեխանիզմների ու ժամկետների վերաբերյալ: Կարծում եմ՝ շատ բան պարզ կլինի նաև այդ ձևաչափի քննարկումներում:

Ի դեպ, Ձեր դիտարկումներին, թե հարկ եղած դեպքում կարող է նաև փողոցային պայքարի միջոցը կիրառվի, Ֆարմանյանն ասել է, որ գուցե քաղաքական անփորձությունից եք նման եզրահանգման գալիս։ Ինչպե՞ս կհիմնավորեք ամեն դեպքում նորից փողոցային պայքարի անցնելու ձեր տարբերակը։

Նախ՝ չափազանց կարևորում եմ բանակցություններ հրավիրելու վարչապետի պատրաստակամությունը: Ե՛վ հեղափոխության ընթացքում, և՛ հետո էլ վարչապետը միշտ բաց է եղել խոսելու համար: Հիշում ենք, թե ինչ արագ արձագանքեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ հանդիպելու օգոստոսի հանրահավաքից հետո: Սա այն հետևողական ջանքն է, որն ուղղված է լարվածությունները չեզոքացնելուն: Էլի եմ ասել, որ բոլորովին կողմ չեմ, որ նորից ստիպված լինենք մարդկանց կանչել դուրս գալ փողոց: Վստահ եմ, որ մեկ կանչով իսկ բազմահազար հավաքներ կլինեն, սակայն կարծում եմ, որ քաղաքականության նպատակն էլ հենց լուծումներ գտնելն է՝ առանց քաղաքացիների բնականոն կյանքը խաթարելու: Եվ եթե կողմերը զբաղված են քաղաքականությամբ, այլ ոչ թե խորհրդարանում զուտ իրենց տեղերը պահելով, ապա պետք է հաշվի առնեն հանրային պահանջը, ինչի աներկբա վկայությունը Երևանի ավագանու անցած ընտրություններն են:

Ես որևէ հիմնավոր փաստարկ չտեսա, թե ինչու չպետք է լուծարվի ԱԺ-ն. ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասում է «կարևոր գործ ունենք անելու», դրա համար են մնում խորհրդարանում, կամ ասում են «ինչո՞վ ենք խանգարում»: Անհեթեթ փաստարկներ են. խորհրդարանը չխանգարելու համար չի, այն պետք է ներկայացնի քաղաքացիների ընտրական կամքը և քաղաքական կողմնորոշումները, ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի մտքով չի անցնում, որ ապրիլ-մայիսից հետո կարող է իրենք էլ չե՛ն ներկայացնում ՀՀ քաղաքացիներին: Հո հարկադրաբար չի:

Ի վերջո, խորհրդարանը ցրելու ո՞ր տարբերակն է այս օրերին քննարկվում։ Ի՞նչ եք առաջարկելու նախկին իշխանությանը, որ համաձայնվի գնալ ընտրությունների: Ձեզ հայտնի՞ է, թե ինչ առաջարկ է անելու Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական խմբակցություններին։

Տարբեր քաղաքական ուժերի կողմից քննարկվում է մի քանի տարբերակ. վարչապետի հրաժարականը, ինչից հետո պետք է երկու անգամ անընդմեջ նոր վարչապետ չընտրվի և ԱԺ-ն արձակվի իրավունքի ուժով: Եվ նաև քննարկվում է Սահմանադրության մեջ խորհրդարանով կամ հանրաքվեով փոփոխություններ անելու և ԱԺ-ի լուծարման համար նոր հիմքեր ավելացնելու տարբերակը: Ես գիտեմ, որ կառավարությունը մշակում է իր մարտավարությունը, սակայն չէի ուզի բանակցություններից առաջ ընկնել: Եկեք, նաև տեսնենք մյուս կողմն ինչ է ասելու:

Հաշվի առնելով, որ Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» 80 և ավելի տոկոս է գրանցել, Դուք վտանգ չե՞ք տեսնում, որ հակակաշիռներ չկան, որ նույն պատկերը կարող են լինել նաև այս ընտրություններին։

80 տոկոս պատկերը բնորոշ է բոլոր հեղափոխական ընտրություններին: Քաղաքացիները աջակցում են, որովհետև վերջապես գտել են ումից կարող են պահանջել, ընդդիմադիր ուժերը ընդունում են արդյունքները կամ սատարում են, որովհետև ազատ և արդար ընտրություններ են: Կամ էլ ուժերը փորձում են դիրքավորվել որպես ընդդիմություն, բայց դա ավելի շատ հետհարվածով է արձագանքվում, որովհետև հիմա դժվար է լինել ընդդիմություն: Հազար ու մի ձև կա քաղաքական ուժերի համար այս փուլը հնարավորինս շահեկան օգտագործելու համար, բայց երևի տարիներ շարունակ կուտակված հանդգնությունը թույլ չի տալիս շատերին հաշտվել իրավիճակի հետ, ընդունել սխալները, ափսոսանք հայտնել սխալների համար: Կարծում եմ ժամանակի ընթացքում կձևավորվեն նոր ուժեր, որոնք հայտ կներկայացնեն քաղաքական դաշտում: Իսկ մինչ այդ, հուսով եմ, այսուհետ արդեն միշտ, քաղաքացիական հասարակությունը կվերահսկի կառավարության քայլերը:

Եթե խորհրդարանական ուժերի հետ չհաջողվի պայմանավորվածություն ձեռք բերել, փողոցային տարբերակով կհաջողվի՞։

Ամեն դեպքում կհաջողվի: Հետքայլ չկա:

Աղբյուր՝ lragir.am

Понравилась статья? Поделиться с друзьями: