ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու են փչացել «Սանիթեք»-ի մեքենաները, և ինչու տնօրենը չի հանդիպել վարչապետին. մանրամասներ

Երեւանում աղբահանությամբ զբաղվող «Սանիտեք» ընկերությունը նախորդ 2 ամսում քաղաքապետարանի կողմից տուգանվել է մոտ 25 միլիոն դրամի չափով: «Մենք ընդունում եւ հարգում ենք քաղաքապետարանի որոշումը: Բայց մենք խնդրում ենք քաղաքապետարանին գնել աղբամաններ եւ տեղադրել քաղաքում հենց այն գումարով, որով տուգանել են «Սանիթեք»-ին եւ փոխհատուցել այն վնասները, որը ընկերությունը կրել է այս ընթացքում»,- հայտարարեց «Սանիտեք»-ի տնօրեն Նիկոլաս Թավիլը: «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ թեմաների շուրջ զրուցել է «Սանիտեք» ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Նիկոլաս Թավիլի հետ:
Պարո՛ն Թավիլ, թավշյա հեղափոխությունից հետո բարձրաստիճան պաշտոնյաներից ո՞ւմ հետ եք հանդիպել: Եթե հանդիպում կայացել է, ապա ի՞նչ եք քննարկել նրա հետ:

-Մենք հանդիպել ենք ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Նրա հետ քննարկել ենք մեքենաների հարցը, ընդհանուր իրավիճակը: Շատ աջակցող են եղել այդ հանդիպումները, ինչի մասին նաեւ պարոն Պապիկյանը բարձրաձայնել է: Իհարկե, մեր ամենօրյա հանդիպումները, աշխատանքները Երեւանի քաղաքապետարանի հետ են: Բացի այս, հանդիպել ենք նաեւ վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի հետ, դարձյալ քննարկել ենք Երեւանում աղբահանության իրավիճակը, մեքենաների ներկրման հետ կապված եւ այլ հարցեր:

-Արդյոք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում ունեցե՞լ եք, թե՞ ոչ: Եթե այո, ապա ի՞նչ եք  քննարկել նրա հետ: Եթե ոչ, ի՞նչն է եղել պատճառը, Դուք չե՞ք ցանկացել հանդիպել, թե՞ նա չի ընդունել:

-Ոչ, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում չենք ունեցել: Բայց պարոն Պապիկյանի հետ հանդիպել ենք հենց պարոն Փաշինյանի անունից: Եւ մենք կարող ենք ասել, որ ամենօրյա շփման մեջ ենք նրա հետ: Այսպես ենք մենք աշխատանքը պատկերացնում:  Իհարկե, պարոն Փաշինյանի հետ հանդիպում եթե լինի, մենք մեծ հաճույքով կհանդիպենք…

-Ինչի՞ն եք սպասում, ինչո՞ւ հանդիպում չի կայանում…

-Կարեւորը համակարգումը իրականացվում է, եւ պարոն Պապիկյանի հետ էլ մենք անընդհատ կապի մեջ ենք, եւ նա էլ իր հերթին կապի մեջ է պարոն Փաշինյանի հետ: Քանի որ մեր պայամանգիրը քաղաքապետարանի հետ է կնքված, այսպես է իրականացվում աշխատանքը: Այսինքն` այնպես չէ, որ ինքը չի ուզում կամ մենք չենք ուզում հանդիպել: Այդ հարցը չկա, մենք աշխատանքը այսպես ենք կազմակերպել:

-Տեղեկություններ են շրջանառվում նաեւ այն մասին, որ Ձեր ղեկավարած ընկերության մեքենաները փչացել են վատ որակի դիզվառելիքի պատճառով: Եթե այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա կմանրամասնե՞ք, թե կոնկրետ որ ընկերությունից եք ձեռք բերել վատ որակի դիզվառելիք: Ինչպե՞ս եք բացահայտել, որ այն վատ որակի է եւ ի՞նչ քայլեր եք ձեռնարկել այդ ուղղությամբ: Արդյոք դիմե՞լ եք իրավապահ մարմիններին, թե՞ ոչ:

-Մեքենաները «Եվրո-5» ստանդարտ ծրագրով են: Հայաստանում կա եվրոդիզել, բայց ոչ այն ստանդարտներին համապատասխան, ինչը որ պետք է մեր մեքենաներին:

-Այսինքն դրա՞ հետեւանքով են փչացել մեքենաները, թե՞ ոչ…

-Չեմ մեկնաբանում այս հարցը…

Ինչո՞ւ:

-Ուղղակի չեմ մեկնաբանում… ուղղակի, այո, կա եվրո դիզել, բայց ոչ այն ստանդարտներին համապատասխան, ինչը որ պետք է մեր մեքենաներին:

-Այնուամենայնիվ, մեքենաները փչացել են ստանդարտներին չհամապատասխանող դիզելի պատճառո՞վ…

-Շատ գործոններ կան մեքենաների փչանալու հետ կապված…

-Այդ թվում եւ դիզվառելի՞քը…

Շատ գործոններ…

-Պարոն Թավիլ, «Ժողովուրդ» օրաթերթը Ձեր ընկերության մաքրուհիներից ե՛ւ նամակի, ե՛ւ հեռախոսազանգի տեսքով պարբերաբար դժգոհություններ է ստանում: Նրանք պնդում են, որ իրենք աշխատում են գիշերային ժամերին, բայց չեն վարձատրվում ըստ պատշաճի: Բացի այդ, պայմանագրում նշված աշխատավարձը չեն ստանում…

-Անհնար է: Այն, ինչ որ պայմանագրով ամրագրված է, եւ այն աշխատակիցները, որոնք բողոքներ ունեն, ընդունում ենք իրենց, լսում ենք իրենց խնդիրները, լուծում ենք այն բոլոր հարցերը`հիմնվելով պայմանագրի եւ տեղի օրենքների վրա: Այսինքն` անհնար է, որ պայմանագրում նշված ինչ-որ կետ չիրականացվի: Ամեն ինչ, ինչը որ պայմանագրով նախատեսված է, միանշանակ արվում է:

-Մեզ դիմած մաքրուհիները փոխանցել են մեզ, որ իրենք անընդհատ կոպիտ վերաբերմունքի են արժանանում սուպերվայզերների կողմից: Նրանց պատմելով` իրենց վերաբերվում են ինչպես ստրուկների, կոպտում են, հայհոյում…

-Սա մի բան է, որ ես երբեք չեմ հանդուրժի, չեմ հանդուրժել, եթե մի աշխատակից կա, որը բողոքում է այն բանից, որ իրեն սուպերվայզերը վատ է վերաբերվում կամ գոռում է, վայրկենապես իրեն աշխատանքից կհեռացնեմ, որովհետեւ սա այն բանն է, որը ես երբեք չեմ հանդուրժի:

-Առջեւում ձմռան ամիսներն են, ինչպես փորձը ցույց է տվել նախորդ տարիներին ընկերությունը եւս թերացել է իր աշխատանքում: Ինչ երաշխիք կարող եք տալ, որ այս ձմռան ամիսներին ընկերությունը պատշաճ կիրականացնի իր պարտավորությունները:

-Հիմա մենք արդեն սկսել ենք պատրաստվել ձմռանը: Մենք արդեն ունենք մեր պահեստում համապատասխան քանակությամբ աղ: Եւ սա առանձին խումբ է, որը աշխատում է ձմռան ամիսների համար: Պատրաստ կլինենք, մի՛ անհանգստացեք:

Աղբյուր՝

Понравилась статья? Поделиться с друзьями: