Ցանկացած համաներում դուրս է գալու ժողովրդի գրպանից

Ազգային ժողովի այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը: Սակայն դեռևս չի խոսվում հարկային համաներման մասին, չնայած նրան, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր քարոզարշավների ժամանակ շատ էր խոսում սև ցուցակների և հարկային համաներումների մասին:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ հարկային համաներումն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ մի շարք խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ դա կարող են օգտագործել՝ հօգուտ իրենց և ի վնաս պետությանը:

«Համաներում հասկացողությունը տնտեսության մեջ ես չեմ ընդունում, քանի որ առաջին հերթին պետք է մտածել այն հարկատուների մասին, որոնք շատ բարեխիղճ են եղել: Սա պետք է օրինակելի լինի և ամենակարևորը պետք է լինեն հավասար պայմաններ: Միայն առանձին դեպքերում կարելի է դա կիրառել»,-մանրամասնեց Վահագն Խաչատրյանը:

Տնտեսագետի համոզմամբ՝ հարկային համաներումը չի կարող խրախուսել բիզնեսմեններին, ավելին՝ ցանկացած համաներում բերում է այն գիտակցության, որ «պետություն ա էլի, մեզ կզիջի»:

«Ամենավառ օրինակը Նաիրիտի գործարանն է, երբ այն երկար ժամանակ չաշխատեց, սակայն պետությունն իրեն գումարներ տրամադրեց: Դրա արդյունքում երկրում տեղի ունեցավ էներգետիկ ճգնաժամ, սրանից հանելու համար պետությունը բարձրացրեց հանրային ծառայությունների գները և ո՞վ վճարեց ի վերջո՝ մենք, ինչպես նաև Նաիրիտի աշխատողները: Այսինքն պետության կողմից օգնությունն, ի վերջո, դուրս եկավ մեր գրպանից և ցանկացած համաներում, այնուամենայնիվ, դուրս է գալու մեր գրպանից»,-  ընդգծեց տնտեսագետը:

Ըստ տնտեսագետի, եթե մենք խոսում են համաներման մասին, պետք  է հասկանանք, թե դրա արդյունքում ինչ ենք ստանալու:

lurer.com

Понравилась статья? Поделиться с друзьями: