Փաշինյանից այն կողմ…


Գաղտնիք չէ, որ թավշյա հեղափոխության օրերին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փորձել է օգնել վարչապետի այն ժամանակվա պաշտոնակատար Կարեն Կարապետյանին՝ պահպանելու իշխանությունը, սակայն իշխանության համակարգն արդեն հնարավոր չէր փրկել:  Իրականում՝ Քոչարյանը ոչ այնքան ցանկանում էր ակտիվ քաղաքականություն վերադառնալ, այլ պարզապես փորձում էր մեսիջ ուղարկել կառավարման խարխլված համակարգին, որպեսզի Փաշինյանը չկարողանա ամբողջությամբ փոխել իշխանությանը։ Սակայն այդ փուլում Քոչարյան-Կարապետյան դուետը, իսկ եթե նրանց միացնենք նաև Կարապետյանի վարչապետության ֆինանսական հենասյուն համարվող Սամվել Կարապետյանին՝ տրիոն՝ չհաջողեց: Սերժ Սարգսյանը նախընտրեց իշխանությունը հանձնել հեղափոխության առաջնորդներին, այլ ոչ թե Քոչարյանի աջակցությունը վայելող Կարեն Կարապետյանին:</strong

Այսօր արդեն, Քոչարյանի համար քաղաքականություն վերադառնալը օրվա հրամայական է, ինչ-որ տեղ՝ թելադրված նաև ինքնապահպանման բնազդով: Թեև Քոչարյանի գործողությունները հիմնականում ստվերային դաշտում են ծավալվում և նա հրաժարվում է բացել խաղաքարտերը, ամեն դեպքում՝ ակնհայտ է, որ Քոչարյանի ծրագրերի մեջ է մտնում նոր քաղաքական բևեռի ձևավորումը, ընթանում են հանդիպումներ՝ այսպես կոչված՝ «մեկ անձի» կուսակցությունների ղեկավարների, նախորդ համակարգի ներկայացուցիչների հետ: Չի կարելի բացառել, որ այս գործընթացում Քոչարյանին ուժերի ներածին չափով աջակցություն է ցուցաբերում նույն Կարապետյանների տանդեմը:
Սամվել Կարապետյանն այս ընթացքում ևս բացահայտ մեսիջներ է հղել նոր իշխանություններին, օրինակ՝ կարապետյանական թևը բացակայել է Պետերբուրգում Փաշինյանի՝ ռուսաստանաբնակ գործարարների հետ հանդիպումից, իսկ Կարեն Կարապետյանի հետ 2016-ին մեծ հույսեր կապած Ռուբեն Վարդանյանը իր հարցադրումներով ակնհայտ անհարմար իրավիճակի մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին: Բացի այդ, այսօր տեղեկություն տարածվեց, որ Սամվել Կարապետյանը դեռևս մայիսին կամովին Հայաստանի ԱԳՆ-ին է հանձնել իր դիվանագիտական անձնագիրը, ինչը ևս կարելի է դիտարկել որոշակի մեսիջ կամ վերաբերմունք նոր իշխանություններին:

Եթե քաղաքական դաշտում ընթացող տրանսֆորմացիաներն ի վերջո հանգեցնեն նման բևեռի ձևավորմանը, ապա դա կփոխի քաղաքական դասավորությունների եւ հնարավոր զարգացումների մասին ներկայիս ընկալումները: Իսկ նման սցենարի իրականություն դառնալը ավելի քան իրատեսական է. արդեն իսկ շշուկներ են պտտվում «եռյակի» համագործակցության մասին: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ նման բևեռի ձևավորումը Փաշինյանի համար վատագույն սցենարը կլինի, դա է պատճառը, որ այսօր վարչապետը արհեստականորեն արագացնում է գործընթացը՝ հակահեղափոխությանը զրկելով մանևրելու հնարավորությունից: Կստացվի՞ արդյոք դա Փաշինյանի մոտ՝ ցույց կտա ժամանակը…

       Աղբյուր՝lurer.com

Понравилась статья? Поделиться с друзьями: