Քաղաքական ուժեր չկան. սկսում ենք զրոյից, դուր գա դա ոմանց, թե ոչ

Հայաստանում քաղաքական դաշտի բազմազանության խնդիրը իսկապես հրատապ է ու արդիական: Այդ խնդիրը դիտարկվում է իբրև խորհրդարանի արտահերթ ընտրության հետաձգման փաստարկ, այն առումով, թե ներկայումս կլինի միայն մեկ ուժի գերակա հաղթանակ և, ըստ էության, միակուսակցականություն: Իրականում սա տեղեկատվա-քարոզչական հնարք է, որը զուրկ է քաղաքական տրամաբանությունից անգամ, որովհետև բուն խնդիրն ընտրական պրոցեսի ազատության, օրինականության ապահովումն է, իսկ դրա արդյունքում ինչ հարաբերակցություն է ձևավորվում, դա արդեն քաղաքական մրցակցության, այսպես ասած՝ կարողության, մրցունակության և հանրության հետ համաձայնության հարց է, որը կվերաճի քվեի: Եվ եթե հանրությունը միանձնյա իշխանության քվե է տալիս մի ուժի, ապա դա ամենևին ողբերգություն չէ, որովհետև համաշխարհային պատմությունն ամենաարդիական համակարգերով պետություններում, անգամ առ այսօր, ունի օրինակներ, երբ իշխանության է մեկ ուժ, ոչ թե կոալիցիա: Դրանից ժողովրդավարությունը չի տուժում: Ժողովրդավարությունը տուժում է ընտրության կեղծումից, ազատության սահմանափակումից, կոռուպցիայից, հանրային վերահսկողական ինստիտուտների բացակայությունից: Դա ի միջի այլոց:

Բայց քաղաքական համակարգի և բազմազանության խնդիրը, անշուշտ, կա, պարզապես այդ խնդիրը չի կարող կապվել արտահերթ ընտրության հետ, որովհետև այդ խնդրի հաղթահարումը պահանջում է տարիների աշխատանք, և այստեղ ընտրության ինստիտուտը ունի կարևոր դեր, քանի որ ընտրության հանդեպ հանրային վստահությունն է նաև, որ պետք է բերի քաղաքական համակարգի ձևավորման ամուր նախադրյալների: Հետևաբար՝ սպասել, թե երբ կկայանա դաշտը, կդառնա բազմազան, նշանակում է սպասել անվերջ: Անվերջ սպասել պետք չէ, պետք է գործել: Եվ խորհրդարանի արտահերթ ընտրությունը գործի կարևոր հատված է: Հայաստանի քաղաքական դաշտը պետք է նոր ձևավորվի: Հայաստանում չի եղել քաղաքական դաշտ:

Քաղաքական դաշտ չի կարող լինել մի տեղ, որտեղ չկա ընտրություն և տնտեսական ու քաղաքական ազատ, օրենքով հավասարապես պաշտպանված մրցակցություն: Հետևաբար` ներկայիս խոսակցությունն այն մասին, թե պետք է քաղաքական ուժերին տալ պատրաստվելու ժամանակ, ըստ էության խոսք է ոչնչի մասին: Հայաստանում չկան քաղաքական ուժեր, կան ակումբներ: Որոշ ակումբներ ֆան-ակումբ են, որոշները, ըստ էության, դարձյալ ֆան, բայց կուռքը ոչ թե անձն է, այլ փողը: Կան ակումբներ, որտեղ փողն ու անձն են կուռքը: Բայց քաղաքական ուժեր Հայաստանում չկան, և անգամ ՀՅԴ-ն, որ բացառիկ էր այդ իմաստով, դադարել է լինել այդպիսին, ներկայիս լիդերների պատճառով, որոնք ՀՅԴ բացառիկ քաղաքական բնույթը դարձրել էին Հայաստանի գործարքային «ներքաղաքական» կամ ներհամակարգային բնույթի մանրադրամ: Քաղաքական ուժ չէ անգամ ներկայիս փաստացի իշխանություն ունեցող քաղաքական ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»: Այն հեղափոխական հաղթանակ արձանագրած ուժ է, որը սակայն բոլորովին այլ կատեգորիա է և այդ ուժը դեռ պետք է ցույց տա, որ իր բնույթով քաղաքական է, ոչ թե հեղափոխականից դառնում է լոկ իշխանական:

Եվ այստեղ ևս հանրությունն ունի մարտահրավեր, որը լուծելու համար, սակայն, ոչ թե ընտրությունը պետք է հետաձգել, այլ հակառակը՝ պետք չէ հետաձգել: Չկան քաղաքական ուժեր, հետևաբար չի կարող նրանց տրվել ընտրությանը պատրաստվելու ժամանակ: Հայաստանում պետք է ձևավորվեն քաղաքական ուժեր, իսկ դա ժամանակատար պրոցես է, որը կապ չունի ընտրության հետ: Ըստ այդմ` պետք է անցկացնել ընտրությունը և ձևավորել խորհրդարան, ամբողջական իշխանություն, որպեսզի հանրությունն այդ իշխանությանը ներկայացնի նաև արդեն համակարգային վերափոխումների կոնկրետ պահանջներ, իսկ իշխանությունն էլ չունենա դրանցից հրաժարվելու, այսպես ասած, հիմնավորումներ, հակահեղափոխությանը հղում անելու պատճառներ կամ ալիբիներ: Այսինքն՝ կա ոչ թե քաղաքական ուժերին ժամանակ տալու, այլ ցուցանակային բնույթի քաղաքական ուժերից դաշտը մաքրելու և այդպիսով նոր բնույթի և որակի քաղաքական ուժերի ձևավորման և գործունեության համար նոր և մաքուր դաշտ ստեղծելու, ապահովելու խնդիր:

Արտահերթ հնարավորինս արագ ընտրությունն այդ խնդիրը լուծելու կարևոր քայլերից մեկն է, որը պետք է արվի: Դրա շնորհիվ պետք է ամբողջապես հեռացվի քաղաքական հին համակարգը և սկզբնավորվի Հայաստանում գաղափարական-արժեքային քաղաքական համակարգի ձևավորումը: Դա տարիների աշխատանք է և պետք չէ լինել պատրանքի մեջ՝ համարելով, որ բավական է ռեսուրսներ դնել նոր ուժի կազմակերպման վրա և արդեն կապահովվի նոր որակի քաղաքական միավոր: Այստեղ անգամ առաջիկա հնգամյակը չի լինի բավարար և այդ տեսանկյունից անգամ հաջորդ ընտրությունը չի ապահովի իրապես գաղափարական բազմազանություն և մրցակցություն: Բայց սկսել պետք է այսօր, մենք կորցրել ենք 25 տարի առնվազն: Պետք է սկսել և գնալ արագ, ու այդ գործը հանրությունը պետք է անի ինքը, և այդ գործը սկսելու համար էլ հանրությունը պետք է ձևավորի իր իշխանությունը ու հետո անցնի արդեն իր քաղաքական դաշտը ձևավորելուն՝ իր իշխանությունն ունենալով որպես ինստիտուցիոնալ երաշխիք:

Աղբյուր՝

Понравилась статья? Поделиться с друзьями: