Քաղաքացու անձնագիրը գողացել են և վարկեր ձևակերպել. «Հրապարակ»

«Հրապարակին» է դիմել ՀՀ քաղաքացի Աշոտ Սաֆարյանը, որի անձնագիրը 3 տարի առաջ գողացել են և դրանով վարկեր ու ապառիկներ ձևակերպել։

Թեև ոստիկանությունը Աշոտ Սաֆարյանի օգնությամբ կարողացել է հայտնաբերել հանցագործությունը կատարողին, սակայն քաղաքացին մինչ այժմ բանկերի սև ցուցակում է եւ նույնիսկ բանկերի կողմից հայցեր կան դատարաններում նրա դեմ։ 30-ամյա Աշոտ Սաֆարյանը մեզ հետ զրույցում մանրամասն նկարագրեց, թե երբ և ինչպես է տեղի ունեցել դեպքը․
«Դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի գարնանը։ Մեքենայիս դուռ բաց էի թողել և անձանգիրս, զինգրքույկս, մեքենայիս տեխանձնագիրը, վարորդական իրավունքն ու բանկային քարտս գողացել էին։ Գնացի ոստիկանության Ավանի բաժին, ասացին, որ անձնագիրս երևի մի տեղ գցած կլինի, դրանով գործարք անել չի կարող, ո՞վ կարող է մյուսի անձնագրով վարկ վերցնել։

Ինձ ասացին, որ եթե դիմում գրես, որ անձնագիրս կորցրել եմ, այն կդառնա անվավեր։ Գողացել էր նաև բջջային հեռախոսս, որի համարը ես վերականգնել էի։ Մի օր այդ համարին զանգում են կենցաղային տեխնիկայի խանութներից մեկից ու ասում, որ ապառիկը հաստատվել է, եկեք՝ տարեք հեռախոսը։ Ես հետո գնում եմ «acra»՝ վարկային բյուրո, տեսնում եմ, որ արդեն մի հարյուր տեղ դիմել է վարկ ստանալու համար։

Այնտեղ տեսնում եմ, որ առաջին անգամ փորձել է քարտից կանխիկացում անել, բանկոմատը քարտը կուլ է տվել։ Հետո այդ համարին են զանգում մեքենայի վարձույթից, հետս կոպիտ խոսելով ասացին, թե երբ եմ մեքենան տանելու։ Հետո ես գնացի «Յուքոմ» տեղում ինձ ասացին, որ հայտ է ներկայացրել, որ վայ-ֆայի սարք տրամադրեն իրեն, ինքը «Յուքոմի» Նոր- Նորքի կետում է։

Ես խնդրեցի, որ ձգձգելով տան, այդ անձը հետախուզման մեջ է։ Իրենք կապ հաստատեցին այդ մասնաճյուղի հետ ու ասացին, որ  իրեն պահեն այդ մասնաճյուղում։ Ես այդ պահին զանգում եմ 1-02, և գնում եմ այդ մասնաճյուղ։ Գնացի, ձեռքից վերցրի անձնագիրս, ու իրեն հարցրի՝ Աշոտը դո՞ւ ես, ասաց՝ հա, ես եմ, ասացի՝ բա ե՞ս ով եմ այդ դեպքում, որ դու Աշոտն ես։ Կոպիտ ասած՝ այդ մարդուն ես բացահայտեցի, այնպես չէ, որ ոստիկանությունն իրեն կոտորում էր։

Ինքը խոստովանական ցուցմունք տվեց, քննիչի որոշում եղավ, որ անձնագիրը գողացված է եղել և գործարքները ես չեմ կատարել»։

Աշոտի խոսքով՝ հանցագործությունը կատարածին բռնելուց հետո գործի նախաքննությունը ձգձգվել է, մի քանի քննիչներ են փոխվել, իսկ բանկերից որոշները, որոնցից իր անունով վարկ էին վերցրել, քննիչի որոշումը չեն ընդունել հիմք, այլ դատարանի վճիռ են ուզել․

«Ես քննիչի որոշումը տվեցի բանկերին, բանկերն ասացին, որ դա մեզ համար հիմք չէ։ Միայն «Ամերիաբանկը» չեղարկեց, «Յուքոմի» վայ-ֆայի սարքը հետ տվեցի, մեկ էլ «Զինգզագի» ապառիկը չեղարկեցին։ 3 ամիս անցավ, բայց գործը առաջ չէր գնում, իրենց ասում էի՝ ինչո՞ւ չեք անում, հանցագործություն կատարածը կա, խոստովանական ցուցմունքը տվել է։ Այդ ընթացքում բանկերից մեզ անընդհատ զանգում էին, հաղորդագրություններ էին գալիս։

Քննիչները փոխվեցին, հանցագործությունը կատարածին բաց էին թողել, էլի հանցագործություն էր կատարել, նույնիսկ ոստիկանության ծառայողների վրա էր կրակել՝ կասկածելի վարքի համար կանգնեցրել էին, կրակել, փախել էր։ Էլի քննիչ փոխվեց ու 3-րդ քննիչը նոր զոռով- շառով գործն ուղարկեց դատարան։
Դատարան գնալուց հետո առաջին դատը չեղավ, երկրորդն ու երրորդն էլ չեղան, և մինչ այժմ նիստ տեղի չի ունեցել․ մի անգամ դատախազն էր գնացել արձակուրդ, մյուս անգամ գնացել էր դասընթացների, երրորդ անգամ էլ դատավորն էր գնացել դասընթացների, մեղադրյալն էր հիվանդ և այլն։

Մի անգամ էլ ասին՝ երկրում ցույց է, իրեն բերելիս կես ժամ կուշանանք, դատավորն էլ ասաց՝ կես ժամ չեմ սպասի։ Վերջին նիստը պետք է տեղի ունենար նոյեմբերի 17-ին, ասացին՝ մեղադրյալը մասնակցում է քննչական գործողությունների»։

Աշոտն ասաց, որ բանկերի սև ցուցակում հայտնվելու հետևանքով չի կարողանում հիփոթեք ձևակերպել, չի կարողանում իր ապագան կառուցել․ «Իմ խնդիրը բանկերի սև ցուցակում լինելն է։

Ես 30 տարեկան եմ արդեն, 4 տարի է՝ սև ցուցակում եմ, տուն չունեմ, ես Երևանում վարձով եմ ապրում, ուզում եմ հիփոթեքով տուն վերցնել։ «Յունիբանկն» ու Ակբաբանկն» ասում են, որ իմ անձնագրով վերցված վարկերը չեղարկելու համար դատարանի վճիռ է պետք, իրենց քննիչի որոշումն ու դատախազի եզրակացությունը հետաքրքիր չեն։

Բանկերն իմ դեմ հայցեր են ներկայացրել, սակայն դատարանն ասաց, որ պետք է սպասեն մինչև քրեական գործով դատարանի վճիռը, իրենք բողոքարկեցին, սակայն վերաքննիչը բողոքը մերժեց։

«Յունիբանկն» այս տարի է ինձ դատի տվել, զանգեցի, ասացին, որ ծրագիրն ավտոմատ է, եթե չեն վճարում ավտոմատ դատի են տալիս։ Իմ անձնագրով այս բանկերի միջոցով «Յուքոմ» և «Այսթայլ» խանութներից ապառիկ էին վերցրել։

Ես իրենց ասացի, որ այդ խանութներն իրենց գործընկերներն են, և իրենք են այդ գործընկերներին ընտրել, և ես մեղավոր չեմ, որ աշխատակիցը չի հասկացել, որ անձնագիրն իրենց տվող մարդը անձնագրի տերը չէ»։

Աշոտ սաֆարյանն ասաց, որ հիասթափված է, արտագաղթելու տրամադրություններ ունի․ «Ես այլևս չեմ ուզում ապրել այս երկրում, արտերկրում ինչքան ծանոթ ունեմ, դիմել եմ, «գրին քարտի» ինչքան խաղարկություն կա՝ մասնակցում եմ։

Ես էս երկրում դեռ պետության աջակցություն չեմ տեսել։ Ինձ թվում է՝ միայն պարտականություններ ունեմ, իսկ իրավունքներ՝ ոչ։ Ես էս բանկերին ասում եմ՝ բերեք պայմանավորվենք, ինձ վարկ տվեք, եթե հանկարծ պարզվի, որ ես եմ այդ ամենի մեղավորը, ես տասնապատիկը ձեզ հետ տամ։ Ես մինչև այդ դեպքը շատ լավ վարկային պատմություն եմ ունեցել»։

Մենք դատական տեղեկատվական համակարգով ստուգեցինք և պարզեցինք, որ գործը մակագրված է Երևան քաղաքի դատավոր Հարություն Մանուկյանին։ Գործը դատական քննության է նշանակվել 2021 թվականի օգոստոսի 23-ին, և, ըստ տեղեկատվական համակարգի, մինչ այժմ ընդամենը 2 նիստ է կայացել։

Понравилась статья? Поделиться с друзьями: