Քոչարյանը՝ «հուզական գրգռվածության վիճակում»

Ռոբերտ Քոչարյանը շարունակում է հարցազրույցներ տալ ռուսական լրատվամիջոցներին ու երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ դրանք, մեղմ ասած, ինքնանպատակ են։ Այլ խոսքով՝ խնդիրը ոչ թե երկրորդ նախագահի ասելիքն է, այլ ստեղծվող տպավորությունը, որ նրա ձեռքերն այնքան «երկար» են, որ հասնում են Կրեմլի վերահսկողության տակ գտնվող բոլոր ազդեցիկ կայքերին։

Այս տպավորությունն այնքան էլ խաբուսիկ չէ, երբ ծանոթանում ենք lenta.ru կայքում այսօր թողարկված հարցազրույցին։ Այսօրվա հարցազրույցում, ըստ էության, չկա որևէ նոր ասելիք, եթե նկատի չունենանք մի քանի ուշագրավ ակնարկներ, որոնք պաշտոնաթող նախագահն արել է իր երբեմնի կամ պոտենցիալ դաշնակիցների հասցեին։

«Որևէ կասկած չունեի առ այն, որ այս ներկայացումը կխաղան ու կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դրանում որևէ զարմանալի բան չկա, քանի որ մյուս ուժերը բավականաչափ քաղաքական կամք չեն դրսևորել ու չեն համագործակցել այս ամենը կանխելու համար»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Երկրորդ նախագահը, անշուշտ, ակնարկում է, որ ինքն ամեն ջանք ներդրել է հին համակարգի ուժերին կոնսոլիդացնելու նպատակով, սակայն նրանց մոտ բացակայել է քաղաքական կամքը։ Քոչարյանը, հավանաբար, ակնարկում է հոկտեմբերի 2-ի «գիշերային» նիստի, դրան հետևած իրադարձությունների մասին։ Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը կանխեցին ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն «կլանելու» Քոչարյանի փորձը՝ ըստ էության, վերջինիս թողնելով խաղից դուրս վիճակում։ Հենց դրանից հետո էր, որ պաշտոնաթող նախագահը հայտարարեց նոր կուսակցություն ստեղծելու և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտության մասին։ Քոչարյանի այդ ուղերձի իմաստն այն էր, որ նա այլևս չի հավատում նույնիսկ նախկին համակարգի սեգմենտներին ու մտադիր է հույսը դնել բացառապես իր վրա։ Այսօրվա հարցազրույցով երկրորդ նախագահը, ըստ էության, վերահաստատում է իր այդ դիրքորոշումը։

Երկրորդ նախագահն ասել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ելքը կանխորոշված է, քանի որ «այժմյան Հայաստանում ընտրազանգվածի մի մասը գտնվում է էյֆորիայի մեջ ու պատրաստ չէ առարկայական բանավեճի, ինչն էլ նշանակում է, որ սխալ որոշումների կայացման ռիսկերը կտրուկ աճում են»:

«Ցանկացած հոգեբան կփաստի, որ լուրջ որոշումները չի կարելի կայացնել հուզական գրգռվածության վիճակում»,- ընդգծել է Քոչարյանը:

Այստեղ ցանկանում ենք կանգ առնել մի քանի կարևոր հանգամանքի վրա։ Անկախ այն հանգամանքից, թե հասարակությունը կգտնվի ապատիկ տրամադրությունների մեջ՝ ինչպես էր Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, թե համակված կլինի հեղափոխական էյֆորիայով՝ Ռոբերտ Քոչարյանը չի կարող ակնկալել հասարակության աջակցության անգամ նվազագույն մակարդակ։ Ըստ այդմ՝ հեղափոխական էյֆորիայից կարող են բողոքել այն ուժերը, որոնք հույս ունեն վերագտնել իրենց տեղը էլեկտորալ սեգմենտացիայից հետո, սակայն Քոչարյանը նման ակնկալիք ունենալ չի կարող։

Քոչարյանը կարծում է, որ հասարակությունը գտնվում է «հուզական գրգռվածության վիճակում», ինչի հետևանքով ճիշտ որոշումներ կայացնել չի կարող։ Եթե ընդունենք նույնիսկ, որ հասարակության որոշ հատվածի մոտ առկա են քաղաքական ու վարքագծային անհամարժեքության որոշակի բաղադրիչներ, ապա դրա մեղավորը ոչ թե հեղափոխությունն է, այլ հանրային այն մտահոգությունները, որ Ռոբերտ Քոչարյանը կամ ՀՀԿ-ն փորձում են ռևանշ իրականացնել։ Այս իմաստով՝ հասարակության «հուզական գրգռվածության վիճակն» ավելի է խորանում երկրորդ նախագահի ամեն հաջորդ հարցազրույցից հետո, որովհետև նույնիսկ ամենաադեկվատ մարդը կարող է հունից դուրս գալ, երբ տեսնում է, թե ինչպես է արյունոտ ձեռքերով մեկը հարցազրույցներ ու խրատներ տալիս։

Մյուս կողմից՝ Քոչարյանը, թերևս, իր օրինակով է բացահայտում, թե ինչ վտանգավոր է որոշումներ կայացնել «հուզական գրգռվածության վիճակում»։ Քոչարյանն իր պաշտոնավարման տաս տարիներին առնվազն երկու անգամ եղել է այդ հոգեվիճակում, երբ զգացել է իշխանությունն ու թալանածը կորցնելու վտանգը։ Երկու դեպքում էլ նա կայացրել է կրակելու որոշում, մի դեպքում՝ սպանդի վերածելով խորհրդարանի շենքը, մյուս դեպքում՝ Երևանի կենտրոնը։

Դեռևս ուշ չէ, եթե Ռոբերտ Քոչարյանը մեղանչի ու նախաքննության մարմնին հայտնի, որ իր անսահման դաժանությունը մոտիվացված է եղել «հուզական գրգռվածության վիճակով», գուցե նրա համար մեղմացուցիչ հանգամանքներ գտնվեն։

«Հուզական գրգռվածության վիճակի» դրսևորում է նաև օրումեջ հարցազրույցներ տալը՝ առանց ասելիք ունենալու։

1in.am

Понравилась статья? Поделиться с друзьями: