Քոչարյանն ուրվագծում է իր առաջիկա «պայքարի» հիմնական քարոզչական մեխերը. խմբագրական

Պատմում են` երբ Ռոբերտ Քոչարյանը 1997թ. նշանակվել էր ՀՀ վարչապետ, այդ կապակցությամբ կառավարությունում կազմակերպված ընդունելության ժամանակ հենց նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայությամբ ասել էր, որ ինքը սովոր չէ երկրորդը լինելուն: Քոչարյանի` վարչապետ դառնալուց հետո` մոտ մեկ տարի անց` 1998թ. փետրվարին, տեղի ունեցավ ներպալատական հեղաշրջումը. նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտնի ուժերի պահանջով հրաժարական ներկայացրեց: Այս պատմությունը հիշեցինք «Կոմերսանտ» թերթին Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցից հետո: «Ինձ ավելի է դուր գալիս, երբ ինձ դիմում են «պարոն նախագահ», քան «պարոն վարչապետ»»,- հայտարարել է նա: ՈՒ այդքանից հետո որքան էլ Քոչարյանը նույն հարցազրույցում պնդել է, որ ցանկանում է քաղաքականություն վերադառնալ «ոչ իշխանություն ստանալու համար», միեւնույն է, համոզիչ չի հնչում:

Քոչարյանը նույն հարցազրույցում անդրադարձել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` իր հասցեին հնչեցրած «քաղաքական դիակ» որակավորմանը: Նա պնդել է, որ Փաշինյանը վախենում է իրենից` համարելով քաղաքական հակառակորդ: Ըստ նրա` հասարակության մի հատվածը հասկանում է՝ ինքը կարող է նորից հասնել այնպիսի տնտեսական հաջողությունների, ինչպիսիք եղել են իր նախագահության տարիներին, մինչդեռ հիմա տնտեսական հաջողություններ չկան: Ըստ էության, Քոչարյանն այսպես ուրվագծում է իր առաջիկա «պայքարի» հիմնական քարոզչական մեխերը. նա շեշտադրում է սոցիալ-տնտեսական վիճակը: Պատահական չէ, որ ավելի վաղ հարցազրույցներից մեկում էլ նա ասել էր. «Երբ որ սառնարանում վիճակը շատ ավելի կվատանա, այդ դեպքում մի հատ կլսենք ժողովրդին»:

Քոչարյանն, այնուամենայնիվ, գիտի, թե Սերժ Սարգսյանի իշխանությունն ինչ ծանր ժառանգություն է թողել Փաշինյանի կառավարությանը, ինչ քայքայված վիճակում է տնտեսությունը: Ուստի ահռելի ջանքեր կպահանջվեն իրավիճակը կայունացնելու եւ զարգացման ուղին բռնելու համար: Հիմա Քոչարյանի հույսը մեկն է. մինչ նոր կառավարությունը կսկսի տնտեսական վիճակը բարելավելու ուղղությամբ քայլեր անել, մինչ նոր կառավարության քայլերը շոշափելի արդյունքներ կտան, հասարակության մի ստվար հատված հասցրած կլինի հիասթափվել: ԵՒ իրենք կփորձեն հասարակության մի հատվածի դժգոհություններն ուղղորդել նոր կառավարության դեմ: Այնպես որ հիմա Նիկոլ Փաշինյանի կառավարության պետք է շեշտը դնի տնտեսական իրավիճակի բարելավման, շոշափելի արդյունքներ գրանցելու վրա: Միաժամանակ, Փաշինյանը ճիշտ կաներ, եթե չթերագնահատեր հակառակորդներին, որքան էլ որ նրանց հրապարակավ անվանի քաղաքական դիակներ:

Աղբյուր՝armlur.am

Понравилась статья? Поделиться с друзьями: