Օլիգարխների կանայք կնվիրաբերե՞ն իրենց զարդերը. արձագանքը շատ չուշացավ

Ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված տղաների մայրերի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ներկա և նախկին պաշտոնյաների ու օլիգարխների կանանց կոչ արեց իրենց թանկարժեք զարդերը նվիրաբերել «Արմենակ Ուրֆանյանի անվան ռազմահայրենասիրական բարեգործական հիմնադրամ»-ին։

«Կոչ եմ անում Հայաստանի բոլոր նախկին և ներկա պաշտոնյաների, օլիգարխների կանանց՝ իրենց զարդերի ու արժեքավոր իրերի մի մասը նվիրաբերել տիկին Համեստի հիմնադրամին։ Կարծում եմ՝ նրանք կհամարեն, որ այդ իրերի մի մասը նվիրաբերելով՝ կարող են մի փոքր ավելի հանգիստ գլուխը դնել բարձին»,- ասել էր Աննա Հակոբյանը։

Օլիգարխ ընտանիքից երիտասարդներ են ամուսնանում և որոշել են, որ իրենց հարսանեկան նվերների՝ զարդերի գումարը փոխանցեն մեր հիմնադրամին»,- այս մասին ասաց Համեստ Ներսիսյանը՝ Ապրիլյան պատերազմում հերոսաբար նահատակված Արմենակ Ուրֆանյանի մայրը։

– Մենք տեղեկություն ունենք, որ հիմնադրամի գումարով ծրագրել եք մարտական դիրքերում ջրի հարց լուծել, դա ճի՞շտ է:

– Այո, Կանադայից մի բարերար՝ Խորեն Մարդոյանը, գալու է Հայաստան, մեծ ներդրում է անելու Հայաստանում, ես նրան ասացի՝ գոնե մինչև տղայիս դիրքերը ջուրը հասցնենք, նա ինձ ասաց հետաքրքրվեք, թե ինչ արժե։ Ես մի կազմակերպության դիմեցի, մեծ գումարներ ասացին, զայրացա բավականին և Խորենին ասացի, որ անհատ մարդու միջոցով փորձենք անել դա։ Եվ մեր ազատամարտի տղաներն ու մեր զինվորներն էլ կօգնեն մեզ, որ ջուր քաշենք այդ դիրք։ Կարծում եմ, որ դա հնարավոր է, ուղղակի մեծ գումար է եղել, դրա համար ՊՆ-ն չի արել մինչ այժմ, բայց արյան գնով էլ լինի, ես դա անելու եմ, անգամ եթե բարերարները չօգնեն, ես դա անելու եմ։ Առաջինը ջրի հարցն է, հետագայում ինչ կարողանամ՝ անելու եմ զինվորականների համար և հատկապես սպաների բնակարանների հարցով։

– Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նախկին և ներկա պաշտոնյաների, օլիգարխների կանանց կոչ արեց, որ իրենց բոլոր զարդերն ու արժեքավոր իրերը նվիրաբերեն ձեր հիմնադրամին, այդ կոչից հետո արձագանքներ եղա՞ն։

– Այսօր ինձ զանգահարեց վարչապետի տիկնոջ օգնականը, ասաց՝ տիկին Համեստ, օլիգարխ ընտանիքի երիտասարդներ են ամուսնանում և որոշել են, որ իրենց հարսանեկան նվերների՝ զարդերի գումարը փոխանցեն հիմնադրամին և ինձնից հաշվեհամար խնդրեց։ Երեկ ինձ հարցրեցին մինչև օրս արձագանք կա՞, ես ասացի՝ ոչ, բայց փաստորեն այսօր մի ընտանիք որոշել է իրենց նվերների գումարը նվիրատվություն անել հիմնադրամին։ Հիմնադրամը թափանցիկ է աշխատում, ովքեր փոխանցեն, իրենց անուն- ազգանուններով ամբողջությամբ լինելու է, որ ժողովուրդը տեսնի դա։

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Понравилась статья? Поделиться с друзьями: