Չեմ ցանկանում առեղծվածային վախճան ունենալ․ «Հրապարակ»

Hraparak.am-ը գրում է․ «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը հոկտեմբերի 21-ին YouTube-ի իր ալիքի ուղիղ եթերում հայտարարեց. «Ես գտնվում եմ Հայաստանից դուրս: Մամուլում տարածված լուրերը հիմնականում հաստատում եմ, այդ թվում՝ քրեական գործերի մասով:

Այսօր հայտնում եմ ընդամենը հետեւյալը․ պլանավորվում են որոշակի գործողություններ, այնպիսի փոփոխություններ, որոնք պիտի շատ բանի սկիզբ դնեն»:

Եվ խոստացավ առաջիկայում «դիմակազերծ» անել ոմանց: Այս եթերը մեծ արձագանք ունեցավ շատ դիտումներ, սակայն օրերն անցնում են, ոչ մեկի դիմակը չի պատռվում, մարդիկ հետաքրքրվում են ինչո՞ւ է լռում Ուրիխանյանը: Մենք զրուցեցինք նրա հետ:

Պարոն Ուրիխանյան, մենք տեղեկացանք, որ արդեն Երևանում եք, ինչո՞ւ որոշեցիք վերադառնալ Հայաստան:

Ես Հայաստան եմ վերադարձել, այս պահին կրկին Ռուսաստանում եմ մի քանի օրով, սակայն վերադարձել եմ հայրենիք: Մոտ օրերս նորից կլինեմ Երևանում:

Բացահայտումներ խոստացաք, ասացիք, որ շուրջ տասը յութուբյան տեսանյութ եք այդ մասին պատրաստվում ներկայացնել, սակայն լռեցիք: Սայլը տեղից չշարժվեց: Շատերն անհամբեր սպասում են Ձեր բացահայտումներին….

Կնքել եմ շուրջ երեք պայմանագիր, երեք երկրների իրավաբանական կազմակերպությունների հետ: Նրանց եմ փոխանցել ինֆորմացիոն բավականին մեծ, հսկայական փաթեթ, որտեղ կան բազմաթիվ տեղեկություններ, հայաստանյան իրադարձությունների մասին: Օրինազանցությունների, քրեական հատկանիշներով խախտումների ու լուրջ ծավալուն գործերի վերաբերյալ:

Գրեթե բոլոր դերակատարների անունները կան: Շատ հետաքրքիր է լինելու: Այն մոտակա ժամանակներում կհրապարակեմ: Նյութեր ենք նախապատրաստում այժմ: Բոլորը բոլորին է վերաբերում: Տեղեկությունները բոլորի մասին են: Այն պայմանագրերը, որոնք կնքել եմ ֆիննական, ավստրիական և ռուսական իրավաբանական ընկերությունների հետ ունեն երեք կետ. քրեական և քաղաքական հետապնդում, կալանք, ձերբակալություն, ֆիզիկական վտանգ: Ինձ կամ ընտանիքի անդամներիս սպառնալու դեպքում, այդ կարևոր տեղեկություններն անմիջապես հրապարակվելու են, որպեսզի ոճրագործությունների գլխավոր հերոսները պատասխանատվության ենթարկվեն: Այնպես, որ թող զգույշ լինեն:

Ովքե՞ր են նրանք, ի՞նչ ոճրագործություններ: Մի փոքր մանրամասնեք….

Վերաբերում է բոլոր էական դերակատարներին, որոնք նախկինում են իշխանություն եղել և այսօր իշխանություն են, նախկինից մինչ ներկա համագործակցող….

Երկա՞ր են մարդիկ Ձեր բացահայտումներին սպասելու:

Ոչ, չեմ կարծում: Կավարտվեն իրավաբանական ընկերությունների հետ աշխատանքները, ես դրանք կհրապարակեմ:

Դուք անձա՞մբ եք այդ աշխատանքներով զբաղվում:

Այո, իհարկե, աշխատանքները կավարտվեն, ես կսկսեմ իմ առաջին եթերը: Դրանք երաշխիքներ են: Ես չեմ ցանկանում առեղծվածային վախճան ունենալ….

Ինչը՞ Ձեզ ստիպեց կուսակցական գործունեությունից անցում կատարել դետեկտիվ ֆիլմ հիշեցնող այս պատմությանը….

Երկրում առկա իրավիճակը: Հայաստանյան իրավիճակը, երկիրս ծախելու նախկինների և ներկաների համագործակցությունը:

Ձեր դեմ հարուցված քրեական վարույթն ի՞նչ ընթացքի մեջ է:

Որևէ տեղեկություն չունեմ, չունեմ նաև որևէ կարգավիճակ: Ունենալ չեմ էլ կարող, որովհետև իմ կենսագրությունը բյուրեղյա կենսագրություն է:

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։