Ձմեռը միանշանակ ունի դրական կողմեր, ու դրանցից մեկն է մանդարինը: Ո՞վ չի սիրում այս անուշաբույր, համեղ ու անչափ օգտակար ցիտրուսայինը: Բացի այդ, առանց մանդարինի հնարավոր չէ պատկերացնել Ամանորը:
Իսկ դուք արդյո՞ք գիտեք, թե ինչին է պետք ուշադրություն դարձնել մանդարին գնելիս:
Այս խորհուրդների շնորհիվ կկարողանաք ընտրել լավագույն մանդարինը, որը կլինի հյութեղ և համեղ:
Ահա ընտրության գաղտնիքները
- հրաժարվեք միրգը գնելուց, եթե դրա վրա կան փոսիկներ: Դա նշանակում է, որ միրգը սկսել է փչանալ: Կարող եք ապահովության համար ստուգել՝ թեթևակի սեղմելով կեղևը. եթե փոսիկը չուղիղանա, ուրեմն զերծ մնացեք այն գնելուց:
- ուշադրություն դարձրեք մրգի կեղևի վիճակին: Այն պիտի լինի թեթևակի փայլուն, բայց ոչ կպչուն: Անփայլ կեղևը ահազանգ է. դա վկայում է այն մասին, որ միրգը վաղուց են քաղել: Հնարավոր է, որ մանդարինը ներսից սկսել է փտել:
- կանաչ կետիկներն ու գծերը նույնպես պիտի հետ պահեն ձեզ մանդարին գնելուց: Նման նշանները վկայում են այն մասին, որ մանդարինը քաղել են չհասած վիճակում, այսինքն պտուղները կլինեն թթու:
- մանդարինի երանգը նույնպես կարևոր է: Որքան ավելի հագեցած է, այդքան ավելի մեծ է հավանականությունը, որ ձեր սեղանին քաղցր միրգ կհայտնվի: Բացի այդ, գույնն ամբողջ մանդարինի վրա պիտի լինի համաչափ:
- ոչ պակաս կարևոր ցուցանիշ է մրգի քաշը: Որքան ավելի ծանր է մանդարինը, այդքան ավելի հյութեղ է: Թեթև միրգը ներսից սովորաբար լինում է չոր ու անհամ:
- եթե կա հնարավորություն, ստուգեք, թե ինչպես է դուրս գալիս կեղևը: Եթե հեշտությամբ եք մաքրում մանդարինը, հավանաբար միրգը հասած է ու քաղցր: