«Մամ, դրոշ ուղարկի, անտեր պոստ ոնց որ լինի, դրոշ չկա»
Forrights.am-ը գրում է․ «Իմ էրեխուն եմ պահանջում, կուդա՞ք։ Տվել եմ իմ տղային, հետ տվեք, պատասխանատու եղե՛ք, հետ տվեք։ Իմ տան ճրագն է եղել։ Որբ ենք մնացել, էս տունը մնացել է անտեր»,- միակ որդուն կորցրած ծնողների օրվա մեծ մասն անցնում է Նարեկի սենյակում։
Պատերին Նարեկի լուսանկարներն են, զինվորական հագուստները, իրերը, Հայաստանի պետական դրոշն ու մի գրություն․ «Փառք ու պատիվ քեզ հայ զինվոր․ Նարեկ Սահակյան»։
«Աշունը պետք է տանեի, բայց էն էլ ամեն ինչ թարս եղավ»,-հայրը ցույց տալով որդու՝ խնամքով պահպանվող ձմեռային կոշիկներն ու հագուստը նշում է՝ որդին այդպես էլ հնարավորություն չունեցավ ապրել նոր տան իր սենյակում, որը կառուցվել է Նարեկի նախասիրություններով։
Նարեկ Սահակյանն անմահացել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ կեսգիշերից սկսված մարտական գործողությունների ժամանակ։ Թշնամու դեմ Սոթքի դիրքերում է պայքարել՝ մինչև13-ի լուսաբաց։ Նարեկը մարտը վարելիս հնարամտության է դիմել, երբ դիրքերում 10 հոգանոց ջոկատից մնացել են միայն ինքն ու ևս մեկ զինակից։
«Կռվի սկզբից բոլորը զոհվել են, մնացել է ինքը մի տղայի հետ։ Մինչև ժամը 4-5-ը կռիվ են տվել։ Էս մի խրամանտից վազել են էն մեկը, որ թշնամին իմանա՝ մարդ կա։ Վերջում ԱԹՍ-ն․․․»,-ասում է հայրը՝ Հովհաննես Սահակյանը։

«Այդ չարաբաստիկ օրը՝ ժամը 10:30-ին զանգեց, իրիկունը ահագին խոսեցինք, մանկությունից հարցեր էր տալիս, հորն էր կարոտել, հիշում էր՝ փոքր ժամանակ ինչ է եղել։ 40 րոպե խոսեցինք, լույսը բացվավ իմացանք, որ պատերազմ է։ Ինքը գիտեր, որ հարձակվելու են, բայց մեզ չասաց»,-ասաց մայրը՝ Ժաննա Սահակյանը։
Հրազատներն ասում են՝ խոսելու մեծ ցանկություն ուներ։ Հորեղբոր որդին՝ Խաչիկը, որ Նարեկի հետ նույն տանն է մեծացել պատմեց․ «Կարոտով էր խոսում, չէր ուզում անջատեր, մյուս հեռախոսազանգերից տարբերվում էր։ ․․․ Իմ միակ ախպերն է եղել։ Նարեկս, որ ծնվեց շատ ուրախացա, ընտանիքում թաք էի, բայց ուրախությունը կարճ տևեց»։
Սա եղել է հարազատների ու Նարեկի վերջին խոսակցությունը սեպտեմբերի 13-ի կեսսգիշերից սկսած նա հետ այլևս չեն կարողացել խոսել։ Քույրերը կեսգիշերին զանգել են եղբորը, բայց անհասանելի է եղել։
Նարեկի հեռախոսահամարը հասանելի է դարձել սեպտեմբերի 18-ին, ծնողները «Վայբերով» հաղորդագրություններ են ուղարկել, սակայն, թշնամին է պատասխանել։ «Արդեն թուրքերի ձեռքն էր հեռախոսը։ Շատ, որ գրեցինք՝ Նար, ո՞ւր ես, հայհոյանք գրեցին»,-ասացին ծնողները։
Ծնողները մինչև սեպտեմբերի 21-ը, երբ թշնամական կողմը փոխանցել է 95 մարմին իրենց որդուց որևէ տեղեկություն չեն ունեցել։ Հայրը գնացել է Վարդենիս, զանգել են բոլոր համարներով, բայց ապարդյուն։ Ծնողների համար ծանր հոգեվիճակում հրամանատարը հայտնել է, թե որդին գտնվել է, ողջ է, սակայն, հաջորդ օրը հակառակն է ասել։ Ծնողները կրկնակի ցավ են ապրել։

Video Player