«Սա ավելի շատ պանիկա էր, որովհետև 15 րոպեից այդ ծակծկոցն անցավ». մանրամասներ թիվ 11 դպրոցում տեղի ունեցած միջադեպից
News.am-ը գրում է․ Աշակերտը, որ Հրազդանի թիվ 11 դպրոցում փոքր բալոնից գազ է արձակել, սովորում է 8-րդ դասարանում, ենթադրում եմ՝ դեպքը տեղի է ունեցել դասամիջոցին: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Հերմինե Հարությունյանը:
Նա պատմեց՝ ինչպես է եղել դեպքը. «Դասավանդող ուսուցիչը զանգեց, ասաց՝ երեխաները փռշտում ու հազում են, որովհետեւ քթի խոռոչի ներսը եւ կոկորդը ծակծկում է: Եկանք, տեսանք, որ երեխաները դասարանից դուրս են եկել, պատուհանները բացեցինք: Առանձնապես հոտ չկար, ուղղակի տհաճ ծակծկում էր քթի մեջ, սեւ բիբարից հոտ քաշելու նման:
Ստուգեցինք երեխաների գրպաններն ու պայուսակները, ենթադրում էինք, որ ինչ-որ մի նյութ կա, որից այդ ծակծկոցը տարածվել է: Այդ աշակերտը գրպանից հանեց բալոնը, ասաց՝ սա ինձ մոտ է, բայց ես չեմ արել: Ասաց՝ դրսում պաշտպանվելու համար է, եթե հանկարծ ինչ-որ մեկը նեղացնի:
Մենք ենթադրում ենք, որ վախից դրդված է ասում, որ ինքը չի արել: Համենայնդեպս ուրիշի մոտ որեւէ բան չկար: Փոքր բալոն էր: Ասաց, որ պատվիրել է Wildberries-ից:
Սկզբից դասարանը փոխեցինք, հետո որոշեցինք, որ երեխաներին տուն ուղարկենք, ծնողներին կանչեցինք, որ տուն տանեն»:
Հարցին, թե այդ աշակերտն ինչ-որ բանով աչքի ընկնո՞ւմ է, Հերմինե Հարությունյանը բացասական պատասխան տվեց. «Ինքն ագրեսիվ չէ, չար չէ, ակտիվ չէ: Շատ ակտիվ երեխաներ ունենք, որոնց վարքին հետեւում ենք, բայց ինքը չի տարբերվել մյուսներից:
Միայն տարբերվում է իր ոճով, հագուկապով, թեւնոցներ է կրում: Ու դիմակով է ման գալիս: Դասամիջոցներին դասարանում է լինում, մյուս տղաների ու աղջիկների հետ նորմալ շփվում է, ոչ մի բանով չի տարբերվել:
Ես այս դեպքում մի քիչ մեղադրում եմ ծնողին, որ ինքը չգիտի՝ երեխան դպրոց ինչ է բերում, կամ էլ գիտի:
Մենք թույլ չենք տալիս ունենալ սմարթֆոններ, եթե բերած են լինում, հավաքում ենք, որ դասի ժամին չխաղան, իսկ դասի վերջում վերադարձնում ենք: Այդ նկատառումներից ելնելով հաճախակի պայուսակները ստուգել ենք, նաեւ գրպանները: Սա առաջին անգամ է, որ նման բան ենք հայտնաբերում:
Նաեւ դռնապահ ունենք, ոչ ոք չի կարող դպրոցից դուրս գալ, անծանոթը կամ ծնողը չի կարող մտնել դպրոց, ինչ-որ բան տանել, կամ բերել:
Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում