Ողբերգական հրդեհից հետո հարցազրույց տված դասակի հրամանատարն ազատվել է աշխատանքից

Ողբերգական հրդեհից հետո հարցազրույց տված դասակի հրամանատարն ազատվել է աշխատանքից

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհից հետո հարցազրույց տված դասակի հրամանատարը կարճ ժամանակ անց ազատվել է աշխատանքից, զորացրվել է։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշել է դասակի նախկին հրամանատարի փաստաբան Արսեն Բաբայանը։
Բաբայանն ասել է, որ դասակի հրամանատարը հրդեհի դեպքով նախաձեռնված վարույթի շրջանակում հարցաքննվել է որպես վկա։

Դեպքի վայրում հարցազրույց տալով՝ դասակի՝ արդեն նախկին հրամանատարը լրագրողներին ասել էր, որ կացարանում բենզին չի եղել՝ հերքելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե սպաներից մեկը բենզին է լցրել վառարանի վրա:

Իսկ արդեն սպայի հայտարարությունից առաջ՝ նույն օրը, կառավարության նիստի ժամանակ, Փաշինյանը հայտարարել էր, թե սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի բռնկման պատճառ է դարձել։

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել էր Գեղարքունիքի զինվորական հոսպիտալ, նրանից 4-ը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3-ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն:

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։