Կյանքիս ամենադաժան օրերն եմ անցկացրել Բաքվի բանտում․ «Հրապարակ»

Կյանքիս ամենադաժան օրերն եմ անցկացրել Բաքվի բանտում

Hraparak.am-ը գրում է․ «Գերությունից վերադարձածները մեր երկրում տեղ չունեն. եթե ուզում են գոյություն քարշ տալ, պիտի ապրեն պետության վրա հույս չդնելով: Կամ՝ լինեն այնքան աննկատ, որ իրենց լինել-չլինելը միայն ընտանիքը նկատի»,- մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց 44-օրյա պատերազմում գերեվարված, ապա վերադարձված Արթուր Ստեփանյանը:

Արթուրը Մեծամոր քաղաքից է: Պայմանագրային զինծառայող է եղել: Պատերազմ է մեկնել Էջմիածնի «քիմիկների զորամասից»: Կովսականում (Զանգելան) ավտոբուսներից իջնելուն պես թշնամու կողմից հարձակման են ենթարկվել:

«Մենք 62 հոգի էինք, իրենք մի 600 կլինեին: Իջանք, թե չէ՝ կրակի մեջ առան: Մեզ դիտավորյալ, թե չիմանալով էին տարել թշնամու բերան՝ չեմ կարող ասել: Միայն գիտեմ, որ մեզնից 30-35 հոգի մինչեւ այսօր չկան»:

Հասկանալով, որ հայտնվել են շրջապատման մեջ, ով որ կողմ կարողացել՝ փախել է: Իրեն ու զինակից երեք ընկերներին արբեջանցիները հետապնդել եւ վերցրել են շուջկալի մեջ: «Մեզ գերի վերցրին: Տեղից տեղ տեղափոխելուց հետո տարան Բաքու: Կյանքիս ամենադաժան օրերն եմ անցկացրել Բաքվի բանտում»:

Ընտանիքն Արթուրի գոյության եւ կարգավիճակի մասին իմացել է գերեվարությունից չորս ամիս հետո՝ Կարմիր խաչի միջոցով: ԿԽՄԿ-ի ջանքերով էլ տղան տուն է վերադարձել՝ ադրբեջանական բանտում 8 ծանր ամիսներ անցկացնելուց հետո:

«Վերադառնալու առաջին երեք օրը տարան բուժումների: Մեկ ամիս էլ «Զինվորի տանն» եմ վերականգնողական կուրսեր անցել: Հոգեբանական լուրջ խնդիրներ էին առաջացել: Ճիշտ է՝ հիմա փոփոխություն կա, բայց վախը, թուլությունն ու անքնությունը չեն անցել: Գիշերները չեմ քնում, ցերեկներն անընդհատ լարված եմ, ձայներից վեր եմ թռչում: Գլուխս ու ոտքերս միշտ ցավում են…»:

Արթուրի ընտանիքը հույսով է, որ տղայի ֆիզիկական ցավերն ու հոգեբանական ճգնաժամը կանցնեն, ժամանակ է պետք: Դժվար է պետության վերաբերմունքին, ավելի ճիշտ՝ վերաբերմունքի բացակայությանը դիմանալը: Գերությունից վերադառնալուց հետո պետական որեւէ կառույցից նրան չեն հիշել, չեն այցելել, որպիսությամբ չեն հետաքրքրվել:

«Մի անգամ Սեյրան Օհանյանը եկել էր Արմավիր, ինձ էլ կանչեցին: Հարցեր տվեցին՝ խոսեցի, նկարեցին, ասաց՝ կզբաղվենք քո հարցով: Մինչեւ հիմա սպասում եմ: Մի անգամ էլ Վանեցյանի մարդկանցից եկան, նորից կանչեցին, նորից խոսեցրին ու նկարեցին, բայց իրենք էլ գնացին, ոչինչ չարեցին»:

Գիտակցելով, որ որեւէ մեկի հետ հույս կապել չի կարող, ինքն անձամբ է դռներ թակել՝ աշխատանք գտնելու հույսով: Չեն ընդունել, նույնիսկ լսել չեն ցանկացել: «Տարբեր զորամասեր եմ դիմել, այդ թվում՝ իմ նախկին՝ «քիմիկների զորամաս»:

Շատ կոնկրետ մերժեցին: Դե, հասկանում եմ՝ նախկին գերի եմ…, բայց քաղաքացիական ծառայությունները նույնպես չեն ընդունում: Որտեղ դիմում եմ գրել, պատասխանել են՝ հանգամանքներից ելնելով, ընդառաջել չենք կարող:

Բա հիմա ես ի՞նչ անեմ, չորս երեխաներիս ո՞նց պահեմ: Յոթ տարի տնից, ընտանիքից կտրված՝ ծառայել եմ երկրին, գնացել եմ պատերազմ, ինձ անհայտ պատճառով շրջափակման մեջ ենք հայտնվել, գերի ընկել: Հիմա ո՞րն է իմ մեղքը, որ հայտնվել եմ լուսանցքում..․»։

Հասկանալով, որ աշխատանք գտնելու հույսն օրեցօր մարում է, Արթուրը դիմել է Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթեւոսյանին: «Խնդրեցի, որ Մեծամորի 300 հա պահուստային հողերից մի կտոր տրամադրի, որ մշակեմ, ընտանիքս պահեմ:

Համ էլ կզբաղվեմ, դեպրեսիայից դուրս կգամ: Մարզպետը խոստացավ մի բան անել, բայց չհասցրեց. տարան փոխվարչապետ»,- պատմում է Արթուրը:

Երբ կողմնորոշվել է, որ կարելի է ստացած խոստման ու իր խնդրանքի մասին հիշեցնել փոխվարչապետին, ուշացել է՝ Մաթեւոսյանին գործից հանել են:

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։