Ամերիկուհի Մերի Հայնցն ապրում է փոքր քաղաք Ափլ-Վալլիում, որի բնակչությունը կազմում է 45 հազար մարդ։ Մի օր աշխատանքի գնալիս քաղաքի բենզալցակայաններից մեկի մոտ նա նկատեց միջին տարիքի մի տղամարդու, ով կանգնած արտասվում էր։
Նրա մեքենան կանգնած էր Մերիի մեքենայից քիչ հեռու։ Աղջիկն արդեն վերջացրել էր ու պատրաստվում էր գնալ, սակայն նկատելով, որ տղամարդը շարունակ արտասվում է, որոշեց մոտենալ ու իմանալ, թե ինչ է պատահել։
Դրսում -10 ջերմաստիճան էր, իսկ տղամարդն առանց տաք հագուստի էր։ Մոտենալով մեքենային՝ Մերին նկատեց, որ այդ մարդու կինը նստած է հետևի նստարանին ու նույնպես լացում է։ Նա գրկել էր երկու փոքրիկ աղջնակներին ու փաթաթվել ծածկոցով։
Մերին սկսեց հարցուփորձ անել, թե ինչ եղել, իսկ նա փորձում էր թաքցնել արցունքները ու ձևացնել, թե ամեն ինչ կարգին է։ Սակայն ի վերջո խոսեց․
—Ես չեմ կարողանում ապահովել ընտանիքիս․․․
Պարզվեց, որ նրանք վերադառնում էին կնոջ ծնողների տնից ու ճանապարհին հայտնաբերել էին, որ գումարը կբավականացնի կամ սնունդ գնելուն, կամ բենզին լցնելուն։ Կինն ու երեխաները քաղցած էին ու գոնե մի բաժակ տաք թեյ էին ուզում, բայց եթե գնեին այդ ամենը, բենզինի գումար չէր մնա ու իրենք տուն չէին հասնի։
Ծնողների տնից դուրս գալուց առաջ նրանք հաշվարկել էին ծախսերը, բայց անսպասելի սաստիկ ցուրտ էր եղել, և դրա պատճառով բենզինը շուտ էր վերջացել, իսկ ճանապարհի ժամանակն էլ մի քանի ժամով ավելացել էր։
Իմանալով դա՝ Մերին որոշեց օգնել ընտանիքին ու վճարել նրանց բենզինի համար։ Ավելին, նա մի քիչ սնունդ գնեց ու ևս մի բարի արարք գործեց։
Պարզվեց, որ Մերին արդեն 5-6 օր իր բեռնախցիկի մեջ մի քանի տոպրակ հին իրեր էր ման տալիս, բայց ժամանակը չէր բավականացնում, որ դրանք տանի անտունների կացարան։ Դրա համար էլ նա առաջարկեց տղամարդուն վերցնել այդ ամենը։
Բենզալցակայանի մյուս հաճախորդներին ևս հետաքրքրեց, թե ինչ է կատարվում։ Բոլորը հերթով մոտեցան և օգնեցին իրենց հնարավորության սահմաններում․ մեկը մի քիչ գումար տվեց, մյուսը՝ ուտելիք, մի տղամարդ նույնիսկ հանեց իր վերարկուն ու նվիրեց նրանց։
Անհույս իրավիճակում հայտնված ընտանիքը փրկվեց ու տուն հասավ՝ բարի մարդկանց շնորհիվ։