Մաշկի պիգմենտային հետքերից ու պեպեններից ազատվելու համար գոյություն ունեն բազմաթիվ միջոցներ, սակայն դրանք ոչ միշտ են անվնաս ու արդյունավետ և ոչ բոլորի գրպանին են հարմար:
Natureba.net կայքը ներկայացրել է մի բնական միջոց, որը ոչ միայն արդյունավետ կերպով ազատում է անցանկալի հետքերից, այլև հավասարեցնում է մաշկի գույնը, թարմացնում է և չի առաջացնում ոչ մի կողմնակի բարդություն:
Այս պարզ ու արդյունավետ լոսյոնի բաղադրիչներից մեկը մաղադանոսն է, որը պարունակում է բազմաթիվ օգտակար տարրեր: Այն հարուստ է A և C վիտամիններով, ինչպես նաև կալցիումով, ծծումբով, երկաթով, ֆոսֆորով, մագնեզիումով ու կալիումով:
Մաղադանոսը թարմացնում է մաշկը, նպաստում է դրա ռեգեներացիային, օգնում է բուժել բորբոքումներն ու գրգռվածությունը, նվազեցնում է կարմրածությունը և խթանում է մաշկի բջիջների թարմացումը:
Մյուս բաղադրիչը՝ կիտրոնը, նույնպես հարուստ է վիտամին C-ով: Բացի այդ, այն հայտնի է մաշկը սպիտակեցնելու և պիգմենտային հետքերն ու պեպենները գունաբացելու իր հատկությամբ: Կիտրոնը սնուցում ու խոնավեցնում է մաշկը, հեռացնում է հին ու մահացած բջիջները և խթանում է նորերի աճը:
Բաղադրությունը.
· 200 մլ մաքուր ջուր,
· 2 ճ.գ. մաղադանոսի թարմ մանրացրած տերևներ,
· 1 ճ.գ. կիտրոնի թարմ հյութ կամ խնձորի քացախ:
Պատրաստման եղանակը.
Ջուրը եռացնել, այնուհետև վերցնել այն կրակից և ավելացնել մաղադանոսի տերևները: Երբ թուրմն ամբողջությամբ սառի, ավելացնել նաև կիտրոնի հյութը (կամ խնձորի քացախը):
Ստացված լոսյոնը լցնել մաքուր ապակյա շշի մեջ և պահել սառնարանում (պահպանվում է 7 օր): Լոսյոնը հարկավոր է օգտագործել ամեն օր, սակայն միայն երեկոյան՝ քնելուց առաջ: Հաջորդ առավոտյան տնից դուրս գալիս հարկավոր է մաշկին քսել արևապաշտպան նրբաքսուք, որը կկանխի պիգմենտային հետքերի ու պեպենների առաջացումը և կպաշտպանի մաշկը արևի վնասակար ազդեցությունից:
Հարկ է հիշել, որ այս լոսյոնը պարունակում է կիտրոնի հյութ, ուստի այն հարկավոր է օգտագործել միայն երեկոյան՝ քնելուց անմիջապես առաջ:
Եթե պիգմենտային հետքերն ու պեպենները վառ արտահայտված չեն, ապա կիտրոնի հյութի փոխարեն կարելի է օգտագործել բարձրորակ խնձորի քացախ, որը նույնպես կգունաբացի ու կհավասարեցնի մաշկի գույնը, սակայն կանի դա ավելի դանդաղ: