Պարեկը սեփական գյուղում գողություն անելիս բռնվել է. նրան ցած են նետել 2-րդ հարկից. մանրամասներ դեպքից

Այս գիշեր Շիրակի մարզի պարեկային ծառայության սպան՝ կապիտան Ռաֆիկ Հայրապետյանը, Արագածոտնի մարզի Կարբի գյուղում բնակարանային գողության ժամանակ բռնվել է ու ծեծի ենթարկվել։

Տեղեկությունը News.am-ի հետ զրույցում հայտնեց գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը՝ հավելելով, որ ենթադրյալ հանցագործը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն։

«Ռաֆիկ Հայրապետյանը Շիրակի մարզի գումարտակի առաջին դասակի սպա է։ Մոտ մեկ տարի է՝ պարեկային ծառայությունում է աշխատում։

Պարեկը փորձել է գողություն կատարել, բայց բնակիչները նկատել են ու ծեծել, անգամ տան երկրորդ հարկից ցած են նետել նրան։ Իմ տեղեկություններով, նա մեղադրվում է բնակարանային գողության ութ դեպքերով։

Այս պահին էլ նա հիվանդանոցում է, վիրահատվել է»,– ասաց Կարապետ Պողոսյանը։

Կարբի համայնքի ղեկավար Ռոնալդ Հակոբյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ գյուղի բնակիչ Ռաֆիկ Հայրապետյանը փորձել է գողություն կատարել տներից մեկում, որի տերերը տանը չեն եղել, հարսանեկան միջոցառման են մասնակցել, գյուղի բնակիչները նկատել են նրան ու մարմնական վնասներ հասցրել։

«Աշտարակի հիվանդանոցից մարտի 2–ին, ժամը 00։28–ին, հայտնել են, որ մարմնական վնասվածքներով ոստիկանների ուղեկցությամբ բուժօգնության է դիմել 1987 թվականին ծնված տղամարդ։

Պարզվել է, որ ժամը 22։30–ի սահմանում, այդ տղամարդը ապօրինի մուտք է գործել համագյուղացու տուն, իսկ հարեւանությամբ բնակվող մարդիկ նկատել են նրան հանցանքի վայրում ու բռնության ենթարկել նրան։

Դեպքի առթիվ ստացված նյութերն ուղարկվել են Քննչական մարմին»,– News.am-ին փոխանցեցին ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից:

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։