Մեկ էլ որդուցս նամակ եկավ. «Կրակում են շան տղերքը»․․․Հասա դիրքեր… չթողեցին, Որ այդ սարը բարձրանամ․ հուզիչ բանաստեղծություն զինվոր որդու մասին

Զինվորի հայրը

Շոգ գիշեր էր, երբ նա ծնվեց.
Ծննդատան բակում արբած
Ես պարում էի, չէի ամաչում, 
Երգում, գոռում խելագարված:

Չէր թողնում գիշերը քնեինք,
Չարաճճի ավազակս,
Ցերեկներն էլ պետք է հսկեինք,
Որ քայլելիս չընկներ ձագս:

Երբ նա խոսեց աշխարհն իմն էր,
Շատ հպարտ էի, չեմ հերքում:
Առաջինը՝ «պապա» բառն էր,
Էլ ի՞նչ էր պետք ինձ կյանքում:

Շուտ մեծացավ, դպրոց գնաց…
Կոշիկ, կոստյում գնեցի,
Ու դպրոցի մուտքի դիմաց
Որդուս խորհուրդ տվեցի.

— Լսիր տղաս, ցավդ տանեմ…
Կանգնած ես նոր կյանքի առաջ,
Դու տղա ես, ինչ էլ լինի
Չհանձնվես՝ միայն առաջ:

Իմ խորհուրդը սրտին հասավ…
Խելացի էր մինուճարս,
Սովորում էր բոլորից լավ,
Բայց կռվարար էր ջիգյարս։

Աչքը կապտած մի օր եկավ.
— Ի՞նչ է եղել ցավդ տանեմ —
Տաք արյունը գլխիս հասավ
— Ո՞վ է եղել… ասա տեսնեմ:

Իմ Աստվածն էր՝ նրանից թանկ
Չունեյի ոչինչ այս աշխարհում:
Ցավը նրա թող ինձ կպներ,
Ու՞մ համար է հայրը ապրում:

Պատմեց տղաս, որ բակում
Մի խումբ լկտի լակոտներ,
Աղմկում էին, հայհոյում՝
Փոքրիկներին նեղացնում:

Ընկերների հետ միասին
Ծեծկռտուքի մեջ ընկան,
Նա կռվում էր մինչև վերջ,
Իսկ ընկերները փախան:

Հպարտությունս գրոշ չարժեր,
Զգացմունքներիս դռան դիմաց,
Խորհուրդը իմ դեռ մտքում էր.
«Չհանձնվես՝ միայն առաջ»

Այսպես անցան տարիները…
Պատանի կյանք, առաջին սեր:
Մեծանում են տղաները՝
Շատ բարդ… պահում գաղտնիքներ։

Հարգում, սիրում էին բոլորը
Իմ մինուճար ու թանկ որդուն,
Էլ ի՞նչ էր պետք հասուն հորը,
Փառք էի տալիս ես տեր Աստծուն։

Նամակ ստացա մի օր էլ,
Թաղամասի զինկոմից,
Տղամարդ է որդիս արդեն
Ու կանչում են բանակից։

Ճաղատ գլուխը պաչեցի
Ու ասացի իմ որդուն.
-Երկու տարի է բան չկա
Շուտ ծառայիր, արի տուն:

-Պապ ջան, իզուր չմտածես,
Ես արդեն մեծ եմ դարձել:
Վայրկյան անգամ չկասկածես,
Գիտեմ ստից ճիշտ քամել…

Ով ծնող է կհասկանա,
Երբ զավակիդ չես տեսնում,
Կյանքիդ ժամը՝ սպասումի մեջ,
Երկար տարի դառնում։

Երկու տարում մի կյանք անցավ…
Նկատվում էր գարնան հետքը,
Մեկ էլ որդուցս նամակ եկավ.
«Կրակում են շան տղերքը»

Ախ տեր Աստված.. պատերազմ էր,
Գրկեց հոգիս սև թախիծը,
Ամբողջ սրտով անիծում եմ
Տարվա չորրորդ այդ ամիսը։

Շուտ վերցրի հրացանս
Ու մեքենայիս բանալին…
Մտքումս միայն մի բան էր.
«Գնամ հասնեմ իմ տղային»

Հասա դիրքեր… չթողեցին,
Որ այդ սարը բարձրանամ,
Ասին ջոկը նահանջում է,
Տղաները հիմա կգան…

Եկավ ջոկը ու ջոկի հետ
Մի ջահել սպա, վիրավորված։
Փամփուշտները վերջացել էր
Ու նահանջել էին ստիպված…

-Բա իմ բալեն ո՞րտեղ մնաց,
Ու՞ր թողեցիք իմ Աստծուն։
Կյանքս կտամ, միայն թե շուտ
Ինձ մոտ բերեք իմ տղուն։

Ասին, թե քո քաջ տղան
Վազեց նրանց ընդառաջ
Ու բաղավեց ամբողջ ձայնով,
«Չհանձնվել՝ միայն առաջ»…

….Էլ չի քնում խիղճս հիմա
Ու թվում է զուր եմ ապրում…
Որդուս կորցրի, նոր հասկացա՝
Չկա հաղթող պատերազմում:

Hayk Grigoryan

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։