Հորեղբորս տղան ողջ է… Հրաչ Մուրադյանն անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին

Ժամեր առաջ համացանցում կեղծ տեղեկություն տարածվեց այն մասին, որ Երևանի իր բնակարանում հայտնաբերվել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հեղինակ և վարող Հրաչ Մուրադյանի հորեղբոր տղայի դին:

Հրաչ Մուրադյանը, արձագանքելով լուրին, իր ինստագրամյան էջում գրել է․

«Հորեղբայրներիս բոլոր տղաները ողջ են։

Հ.գ. ցավակցում եմ մահացածի հարազատներին»:

Ավելի վաղ Shamshyan.com-ը գրել էր.

Այսօր՝ ապրիլի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 18:00-ի սահմաններում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Չեխովի փողոցի 38 շենքի բնակարաններից մեկում դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի և Հատկապես կարևոր քննիչներով ավագ քննիչ Արա Ավագյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 1-ին հարկի բնակարանում՝ հյուրասենյակի հատակին, հայտնաբերել են տղամարդու դի:

Մինչ տեղում դատաբժիշկը զննում էր դին՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ քրեականի պետ Գևորգ Բարեյանի գլխավորությամբ, պարզել են մահացածի ինքնությունը, ով նշված շենքի բնակիչ, 48-ամյա Մ. Մուրադյանն է:

Դեպքի վայրում հավաքված հարևանները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածը հանրությանը հայտնի «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հեղինակ և վարող Հրաչ Մուրադյանի հորեղբոր տղան է։

Տունը ամբողջովին գտնվում է հակասանիտարական վիճակում, ոստիկաններն ու քննիչները հատուկ դիմակով են կարողացել ներս մտնել:

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։