Կառավարության նախորդ նիստին տեղեկացրի, որ Հայաստանը Լաչինի միջանցքին կապող նոր՝ Կոռնիձոր-Տեղ ավոտճանապարհի շահագործման հանձնելու բերումով տեղի է ունենալու դեպի Լաչինի միջանցք երթուղու փոփոխություն, ինչի արդյունքում Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտ 12 կմ-անոց հատվածի պահպանությունը պիտի ստանձնեն ՀՀ սահմանապահ զորքերը: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նաեւ նշեց. «Պատճառն այն է, որ մինչ այդ սահմանի նշված հատվածի անմիջական պահպանություն չէր իրականացվում ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի կողմից նախորդ տարի ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Լաչինի միջանցքի ժամանակավոր երթուղին ապահովելու համար:
Եվ ահա սահմանի անմիջական պահպանության ստանձնման ժամանակ, ինչպես հայտնի է, որոշակի խնդիրներ են առաջացել ինչի մասին տեղեկացրել էր ԱԱԾ-ն՝ ընդգծելով, որ երկու կողմերի տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ:
Որոշ տեղերում, ըստ հայկական կողմի մեր գնահատականի, ադրբեջանական կողմը դիրքավորվել էր եւ ինժեներական աշխտանքներ էր իրականացրել սահմանից 100-300 մետր առաջ Հայաստանի տարածքում:
Դրանից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը: Այս ընթացքում սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել եւ իրավիճակը որոշակիորեն բարելավվել է:
Մասնավորապես, 12 կմ-ից 7 կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կմ-ի վերաբերյալ աշխտանքները շարունակվում են:
Մեր տրամադրվածությունը եղել է եւ շարունակում է մնալ իրավիճակի էսկալացիայից խուսափելը: Հույս ունեմ, որ տեղակայման կետերի ճշգրտման աշխատանքները կիրականացվեն կառուցողական մթնոլորտում»:
Փաշինյանը նաեւ հավելեց. «Համաշխարհային այս անկայուն եւ անորոշ միջավայրում մեզ անհրաժեշտ են ամուր նյարդեր եւ զսպվածություն՝ տարծաշրջանային իրավիճակը պայթեցնելու հարցոեւմ շահագրգիռ ուժերին տուրք չտալու համար:
Ի հեճուկս բոլոր դժվարությունների, Հայաստանի կառավարություն անհոգնել վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին»: