ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես հպարտ եմ իմ թափած արյան, իմ Արցախյան գեների, իմ մղած պայքարի և իմ այսօրվա վիճակի համար։ Ու հպարտ եմ հատկապես նրա համար, որ ամեն անգամ Եռաբլուր բարձրանում եմ գլուխս բարձր, ու չնայած ոտքերս ձեզնից շատերի նման հողին չեն դիպչում և այլևս երբեք չեն դիպչելու, բայց ես անհունորեն հպարտ եմ, որ իմ արյունն է ամեն օր եռում նույն այդ հողի խորը խորքերում, որը հայաստանցի ու արցախցի չի ճանաչում, որը հավերժորեն կարոտ է իմաստուն տիրոջ։ Ու հողը բնավ չի ընկալում, որ այսօրվա մեր մթագնած ուղեղներում հանկարծ կրկին արթնացել է այդ հիվանդագին տարբերակումը։ Ի՜նչ վիրավորանք հողի նկատմամբ, ինչպիսի՜ անգրագիտություն…

Ու ամեն անգամ, երբ ոմանց թշնամաբարո ձեռքով բարձրանում է այս հարցը, ինչ-որ տեղ Արցախի հողում իմ արյունը եռ է գալիս հողի խորը շերտերում, և միայն այդժամ ես սկսում եմ երերալ ու հանկարծ հիշել, որ այլևս իմ ոտքերով չեմ դիպչում այս հազարամյա հողին։
![]()
Սա չէր իմ պայքարի նպատակը, սա չէր Եռաբլուրում վեհորեն հանգչող տղերքի երազանքը, սա չէր մեր կողքին ապրող հաղթած տղերքի գիտակցված կռվի ցանկալի արդյունքը։ Ուստի բա՛վ է, բա՛վ, մի պահ կա´նգ առեք և հենց այդ քարացած ակնթարթին հիշե՛ք, որ Արցախի հողում Դուշման Վարդանների, Մոնթեների, Լեոնիդ Ազգալդյանների, այսօր արդեն Ռոբերտների, Սասունների, Արմենակների, Արարատների, Արշակների, Ազատների ու երկնքում ճախրող հազարավոր արծիվների արյունն է խլրտում ու կանչում սթափության, կանչում, սպասում, հավատում, որ երբևէ այս տառապած հողում մարդիկ այնքան իմաստուն կդառնան, որ վերջապես կհասկանան՝ չի լինում հայաստանցի ու արցախցի, լոռեցի ու գյումրեցի, լինում է հայ, ուղղակի հայ»: