Պատերազմի ավարտից 2 ամիս անց եկավ՝ ծաղկեփունջը ձեռքին, հիմա ես եմ նրա համար ծաղիկներ տանում… Ամսի 24-ին Գոռիս մատանին տվեցին ինձ, խավարեց շուրջս․․․

«Արցախից ինձ հետ բերել եմ Գոռիս շորերը, մեր նկարներն ու հոգումս ամբարած մեր կիսատ մնացած սիրո պատմությունը․․․»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է 21-ամյա կին-աղջնակը՝ Անին, ով ընդամենը հինգ ամիս հասցրեց վայելել իր այդքան փափագած սերը։

«Դիրքերում էր, երբ պատերազմը սկսվեց։ Այդ օրը առավոտյան զանգեց, սովորականից շատ հարցերով՝ որտե՞ղ ես, հետո ու՞ր ես գնալու, դրանից հետո ի՞նչ պլաններ ունես։ Քանի որ սիրում էր անակնկալներ անել, մտածեցի` կարող է գալիս է, դրա համար է հարցնում։ Պատերազմը սկսելուց հետո էլ չհաջողվեց կապ հաստատել նրա հետ: Սեպտեմբերի 20-ի երեկոյան ասացին կատարվածի մասին, չէի հավատում։ Ամսի 24-ին Գոռիս մատանին տվեցին ինձ, խավարեց շուրջս։ Հաջորդ օրը դուրս եկանք Ստեփանակերտից»,-մտքերը մի կերպ ի մի է բերում Անին։

Անին ու Գոռը սովորում էին զուգահեռ դասարաններում։

«Այնքան համեստ էր, որ մինչև 9-րդ դասարան չէի ճանաչում նրան։ 9-րդ դասարանցիներին տարան հրաձգության, այնտեղ էլ ծանոթացանք, զգում էի, որ ինձ այլ կերպ է վերաբերվում, դասագրքերս ինքն էր բերում, ամեն օր դպրոցից տուն էր ճանապարհում, կողքի շենքի մոտ կանգնում ու նայում էր այնքան, մինչև բարձրանամ տուն։ Անգամ երբ փորձում էի դպրոցից շուտ դուրս գալ, որ չհանդիպեմ, դասարանի դիմաց կանգնած էր լինում»,— ասում է Անին, ում համար լուսավոր են իրենց սիրո պատմության բոլոր կետերը։

Ասում է, որ դեռևս շատ փոքր էին, երբ սկսեցին հանդիպել, բայց հասցրեցին անցնել շատ ու շատ փորձությունների միջով։

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։